ՀԱՅԿԱԿԱՆ ՄՅՈՒՍ ՀՆԱԳՈՒՅՆ ՇՆԵՐԸ

Հայկական Լայկա

Շունը հազարամյակների ընթացքում անգնահատելի ծառայություն է մատուցել Հայկական լեռնաշխարհի բնիկներին: Այնպիսի ահռելի գազանների որսի ժամանակ, որպիսիք էին կովկասյան ազնիվ եղջերուն, վայրի ցուլը, արջն ու վարազը, շունը օգնում էր որսորդին նրանով, որ գտնում էր այդ կենդանիներին, հաչելով նրանց ուշադրությունը գրավում էր իր վրա, արգելակում նրանց փախուստը և դրանով իսկ հնարավորություն տալիս տիրոջը աննկատելի մոտենալ և նետել իր գեղարդը, կամ՝ քարե մուրճն իջեցնել գազանի գլխին: Եթե շունը չի մասնակցում որսորդությանը, ոչ մի վայրի կենդանի թույլ չի տա մարդուն մոտենալ իրեն խոցելի տարածության վրա:

Կա այդ բանը հաստատող մի հնադարյան բրոնզե քանդակ, որը երեք հազար տարեկան է 1: Այն գտնվել է Գուգարքի հյուսիսային մասում: Եղջերուն խելակորույս վազքի ժամանակ հանկարծակի կանգ է առել, որովհետև իր դեմն է ելել պոչը ոլորած մի շուն: Սա ցատկում է սարսափած կենդանու կրծքին, բայց եղջերուն չի համարձակվում շուռ գալ և փախչել, քանի որ հետևից նույնպիսի մի շուն արդեն բարձրացրել է առաջին թաթերը, որպեսզի ցատկի իր գավակը: Պարզ երևում է, որ սրանք ներկայումս էլ գոյություն ունեցող «լայկա» շներն են՝ականջները ցից և պոչերը՝ մանգաղաձև դեպի վեր: Դրանք այժմ էլ օգտագործվում են խոշոր վայրի կենդանիների որսի ժամանակ:

Լայկա շան պատկերները բազմիցս հանդիպում են Հայաստանի տարածքում հայտնաբերված ժայռապատկերներում: Այդ շունը առանձնացվել է իբրև Հայաստանում հնագույն ժամանակներում գոյություն ունեցած և ժայռապատկերներում արտացոլված շների տեսակներից մեկը7:

Բարակ կամ թազի

Շան հաջորդ տեսակը, որը Հայաստանում հայտնի էր հնագույն ժամանակներից, բարակ կամ թազի անվանվող շունն է: Շան այդ տեսակը Հայաստանում ներկայումս չի հանդիպում, սակայն գրականության մեջ պահպանվել են տվյալներ այն մասին, որ ոչ հեռու անցյալում դրանք տարածված են եղել Սևանի ավազանի շրջաններում, հատկապես Գավառում7:

Մինչև քսաներորդ դարի սկիզբը այս շունը բուծվում էր Մնձուր լեռների շնաբուծարաններում9: Բարակը օգտագործվում էր աղվես, վայրի կատու, լուսան որսալու համար: Նա թեթևոտն և արագավազ էր:

Քարայծ, եղջերու հալածելու և քարայրներից դուրս բերելու համար օգտագործում էին բարակի և գայլաշան զուգավորումից սերած և միայն Մնձուր լեռնաշխարհին հատուկ մի տեսակ որսի շուն, որը քարայծի ամենաթեթև հետքերից կարողանում էր հայտնաբերել նրա թաքստոցը և առաջնորդել այն ուղղությամբ, ուր թաքնված էր որսը:

Այս կարգի շները թե՛ հոտառությամբ, թե՛ հաչելու ձևով տարբերվում էին մյուս շներից: Սրանք մարդկանց վրա չէին հաչում, շատ ուշիմ էին և նվիրված իրենց տիրոջը: Վիրավոր որսին հետապնդելու, նրա թաքնված տեղը գտնելու և հաչելով որսորդին իրենց մոտ կանչելու առանձին հատկություն ունեին:

Բարակի կամ թազիի նկարները հանդիպում են ժայռապատկերներում, թեև ոչ այնքան հաճախ, որքան «լայկա» շները:

Այս նույն շունն է պատկերված նաև Լոռի Բերդի դամբարաններից մեկում հայտնաբերված մ. թ. ա. առաջին հազարամյակի ոսկե զարդի վրա:

Տալ գոտու նկարը

Ուրարտական շպից

Ընտանի շան ոսկորներ են հայտնաբերված Երևանի արվարձանում գտնվող մ. թ. ա. յոթերորդ-ութերորդ դարի ամրոց Թեյշեբաինի պեղումների ժամանակ8: Դրանք պատկանում են մի քանի կենդանիների, որոնք բոլորն էլ նույն տեսակին են պատկանում: Ինչպես երևում է ոսկորների ուսումնասիրությունից, մ.թ.ա. ութերորդ-յոթերորդ դարերում այն ժամանակվա քաղաքային տիպի բնակավայրերի պահապան շները աչքի էին ընկնում ոչ մեծ չափերով, գանգի՝ ուղեղային մասի համեմատաբար շատ նեղ չափերով, ճակատի մեծ բացարձակ լայնությամբ և խոշոր ատամներով: Այն պահպանելիս է եղել իր նախնի շնագայլի որոշ հատկանիշներ և ժամանակակից շներից նման է եղել շպիցներին:

Ընդհանուր առմամբ Հայաստանի հնագույն ժայռապատկերներից10 մեր կողմից առանձնացվել են շների հետևյալ ցեղերը(տես 1, 2. 3,4 նկարները): Նշում. նկարների կողքին դրած համարները այն նկարների համարներն են10, որտեղից վերցրած են շների պատկերները:

Տալ նկարները

Ժայռապատկերներում պատկերված շների ցեղերի որոշումը թողնում ենք մասնագետներին: