ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Աշխարհի տարբեր երկրներում հայտնաբերված նմանատիպ հուշարձանների շարքում կարևոր տեղ են գրավում Հայաստանի ժայռապատկերները: Նրանք անհերքելի ապացույցներ են պարունակում «հայկական գամփռ» ցեղատեսակի ծագման հնության վերաբերյալ:
Հայաստանի բարձր լեռներում, ուր վաղուց են մարել հրաբուխները, քարաշեղջերում ու ժայռերին փորագրված նկարներում նախնադարյան մարդը դրոշմել է իր կենաց պատմությունը: Հինավուրց քարե մատյանի «տողերը», հազարամյակներով մեզանից բաժանող աշխարհից, վկայություն են հասցրել Հայաստանի մ.թ.ա. V- II հազարամյակների հնագույն ցեղերի հոգևոր և նյութական կյանքի մասին: Հազարամյակներ առաջ գծված պատկերները մեր հեռավոր նախնուն շրջապատող բնաշխարհի, նրա հարուստ որսաշխարհի փորագիր տեղեկանքներն են: