Սյունիքի Ուղտասար և Ջերմաջուր հնավայրերի ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ
Ժայռարվեստի կարևոր օջախներ Սյունիքի3 Ուղտասար և Ջերմաջուր հնավայրերը գտնվում են Սիսիանի շրջանում, ծովի մակերևույթից շուրջ 3300 մետր բարձրության վրա: Տեղանքը շրջափակված է լեռներով և 9 ամիս շարունակ ծածկված է ձյունով: Ծովի մակերևույթից 2900-3300 մետր բարձրության վրա փռված են ալպիական գորգեր: Լեռանցամեջ տարածության ձորակներում, քարակարկառների մոտ, լճակների բոլորքը, երևում են հնագույն կացարանների, կիսավեր պատերի հետքեր, արհեստական քարակույտեր և դամբարաններ:
Հեռավոր անցյալում անասնապահ ցեղերի կողմից յուրացված այս վայրերի, ամառային արոտատեղիներ լինելու պերճախոս վկայություններն են հնագույն կացարաններն ու դամբարանները, ինչպես նաև քարաբեկորների վրա փորված պատկերները: Նախնադարյան նկարիչների համար պղնձագույն և սև ժայռաբեկորները բնական հարմար կտավ են ծառայել պատկերներ դրոշմելու համար:
Սյունիքի ժայռարվեստի առաջին խումբը ներկայացնում է հնագույն ստեղծագործություններ՝ մ.թ.ա. V- IV հազարամյակների եղջերուների և գիշատիչների մեծադիր պատկերներ, որոնք դրոշմված են զանգվածեղ ժայռաբեկորների վրա:
Երկրորդ խումբը ներկայացնում են մ.թ.ա. III-II հազարամյակների կենցաղային և այլ տեսարաններով, առավելապես բազմակերպար ժայռապատկերներ:
Սյունիքի ժայռարվեստի հուշարձաններում պատկերված է Հայաստանի բնական աշխարհի ողջ հարստությունը. այծի, մուֆլոնի, վիթի, եղջերուի, տուրի, ձիու, վարազի, շան, գայլի, շնագայլի, հովազի, արջի, առյուծի պատկերներ: Նախնադարյան նկարիչը ցուցաբերել է կենդանու շարժումները և բնավորությունը նկատելու ու արտահայտելու մեծ կարողություն: Կենդանիները, հատկապես գիշատիչները, գծված են դիպուկ, սակայն սեղմ, առանց մանրամասնությունների, սոսկ էականի, բնորոշի շեշտումով: Հաճախ հանդիպում են որսի տեսարանները: Որսորդները զինված են և նրանց երբեմն ուղեկցում են որսկան շներ: Ժայռապատկերներում պատկերված են ինչպես խմբակային շուրջկալ, կենդանուն քշելու, հետապնդելու և այլ եղանակներ, այլև անհատական որսի տեսարաններ: Նկարիչը կարողացել է վերարտադրել կենդանիների տեսակային առանձնահատկությունները, բնորոշել կենդանատեսակը (շուն, հովազ, առյուծ և այլն):
Հայկական լեռնաշխարհի երկրագործ և անասնապահ ցեղերի կյանքում որոշակի դեր է ունեցել որսորդությունը: Որսի խոսուն տեսարան է Ջերմաջրի այն ժայռանկարը, որտեղ արտակարգ շատ են հովազների և որսկան շների պատկերները:
Անհատական որսի պահը պատկերող հետաքրքիր պատկերներ են Ուղտասարում և Ջերմաջրում պահպանվածները: Ժայռակտավներից մեկում քանդակված են շուն, այծ, օղապարան և որսորդը:
Ոլորաձև նետած պարան և շուն է պատկերված Ջերմաջուր հնավայրում: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում մանր եղջրավորների հոտ պատկերող Ուղտասարի մեկ այլ ժայռապատկեր, որտեղ պատկերված է այծերի հոտը գիշատիչների ոհմակի հարձակումից պաշտպանող հոտապահ շունը: Ժայռարվեստի հուշարձաններում որսի թեմայով բազմաքանակ ստեղծագործությունների առկայությունը հաստատում է այն ենթադրությունը, որ կիսաքոչվորական անասնապահության առաջացման հետ կապված՝ վերստին ուժեղանում է որսի նշանակությունը: Բրոնզե գոտիների, խեցեղենի վրա պատկերված որսի տեսարաններում մարդուն ուղեկցող շան պատկերները ցույց են տալիս, որ տվյալ դեպքում շունը երկակի դեր է կատարել, եղել է հոտապահ, և միևնույն ժամանակ՝ որսընկեր: Ուղտասարի քարերի վրա հոտի կողքին շան պատկերումը, ինչպես նաև հոտը գազանների հարձակումից պաշտպանող, գիշատիչներին դիմագրավող շան առկայությունը անվերապահորեն հաստատում են այդ հետևության ճշմարտացիությունը և հայկական գամփռի՝ որպես հոտապահ շուն ձևավորվելու հնությունը:
Արտադրողական ուժերի զարգացման հետ համընթաց, մանր եղջերավորների գլխաքանակի ավելացման հետ փոխվում է անասնապահության ձևերը: Բնակատեղիներին մոտ արոտատեղերն այլևս չէին կարող բավարարել կերի պահանջը, մնում էր անասուններին քշել հեռու արոտավայրեր: Սակայն այդ արոտատեղիները հիմնական չէին, այդ գոտում հիմնական բնակատեղիներ չէին կարող գոյություն ունենալ, այդ պատճառով անասնապահությունը ընդունում է կիսաքոչվորական ձև։ Անասունները լեռներն էին քշվում միայն ամռանը4: Ուղտասարի վրա շուրջ 3300 մետր բարձրության վրա պահպանված կիկլոպյան ամրոցը, կացարանները, ծառայել են իբրև այս վայրերում հաստատված անասնապահ ցեղերի ժամանակավոր արոտավայրային բնակարաններ և հոտերը հարձակումներից պաշտպանելու վայր:
Ժայռապատկերներն ուսումնասիրողները միշտ առնչվել են մի դժվարին հարցի, դա ժայռարվեստի ստեղծագործությունների տարիքի խնդիրն է: Պատկերների ժամանակը որոշելիս կարևոր են կատարման եղանակն ու ոճը, թեմատիկան: Այդ առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում Սևանի ավազանում, Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղում գտնված գունազարդ անոթը5:
Մ.թ.ա. III հազարամյակի վերջերին II հազարամյակի սկզբին վերագրվող անոթի կարմիր ֆոնի վրա սև ներկով պատկերված է որսի չափազանց հետաքրքիր տեսարան (նկ. 1): Անոթի պարանոցից ներքև , շարքով իրար հաջորդող վեց կարապների պատկերներն են: Առավել հետաքրքրական է անոթը բոլորող երկրորդ գոտին. վերարտադրված են շների, վիթի, էգ ու արու այծերի, եղջերուի պատկերներ, որոնք կատարյալ նման են Ուղտասարի քարերին փորված կենդանիների պատկերներին: Ժայռակտավներում հանդիպող պատկերների համադրումը Հայաստանի, Անդրկովկասի, Առաջավոր Ասիայի հյութական մշակույթի հուշարձանների հետ հիմք է տալիս Սյունիքի ժայռարվեստի հուշարձանները համարելու մ.թ.ա. V-II հազարամյակնների ստեղծագործություններ:
Սյունիքից բացի ժայռապատկերներ են հայտնաբերված Սևանա լճի ավազանը եզերող մյուս լեռների՝ Գեղամա, Վարդենիսի, Ջերմուկի լեռնագագաթներին ու լանջերին: Սրանց մեջ պատկերների առատությամբ, ժամանակագրական լայն ընդգրկումով, պատմական նշանակությամբ, արվեստի ոճերի բազմազանությամբ առանձնապես աչքի են ընկնում Գեղամա լեռների ժայռապատկերները: