ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄՓՌ

կազմել է Էդվարդ Սարգսյանը

Հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում բուծել է շների մի քանի տեղական տեսակներ, որոնք միավորվում են մեկ միասնական անվան տակ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄՓՌ: Գամփռը հայ հազարամյակներ շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հպարտության առարկան:

Հայկական գամփռի բուծումը

Հայաստանում կային հատուկ շնաբուծարաններ, որոնք վայրի գազանների (գայլ, շնագայլ) և շան զուգավորումից ստնում էին վերը նշված ցեղերը և վաճառում: Դրանք շատ սուղ էին գնահատվում: Շնաբուծները միևնույն ժամանակ հայտնի գազանորսներ էին: Նրանց ապրուստի գլխավոր աղբյուրը շների վաճառքն էր:

Շնաբուծության համար գլխավորապես որսում էին գայլեր, երբեմն նաև շնագայլեր: Որսած գայլին պահում էին բնական պայմաններին մոտ պայմաններում՝ խոր և երկար այրերում և քարանձավներ ունեցող ժայռերում, ուր կային որսալու և բզկտելու հարմարություններ: Գայլն իր բնական քարանձավում որսում էր նապաստակ, աննկատելի կերպով գայլաբուն էին ուղարկում որսորդները գետնուղիներով, տեսնում ու հալածում էր աղվեսներ, կաքավներ և նույնիսկ արջեր:

Հայկական լեռնաշխարհում բուծված շները, բաժանվում էին հինգ առանձին խմբերի. հոտապահ շուն կամ «գելխեղդ», բակապահ շուն կամ ուղղակի գամփռ, արջի որսի շուն կամ արջաշուն, փոթորկաշուն և բարակ կամ թազի:

Հոտապահ շուն «գայլխեղդ»

Այս շների դերը հոտերը և նախիրները գայլերից ու գողերից պահպանելն է: Շան մականունն է «գայլխեղդ»: Ահա այդ շան նկարագրությունը:

«Գլուխը մեծ է, շրթունքը հաստ, քիթը կարճ, կուրծքը լայն: Ուժեղ է ու աներկյուղ, հավատարիմ, բայց ոչ այնքան ուշիմ: Շատ հավատարիմ է իր տիրոջը, ամեն վտանգ կընդունի տիրջը պահպանելու համար»(3):

«Մարմնով խոշոր են և զորեղ՝ կարճ դունչ, բարձր ճակատ, արմատից քիչ վերև կտրված ականջներ, բրդոտ ու հաստ վիզ, մկանուտ բարձր ոտքեր, ամուր գավակ: Սովորություն ունի պոչը ոլորելու և դնելու մեջքին: Քայլում է հանդարտ, ինքնավստահ և վեհ: Անհարկի չի հաչի: Իր անսխալ բնազդով իսկույն որոշում է թշնամին ու բարեկամը և այնպես էլ վարվում հետը (4): Առանձնահատուկ երանգավորում չունեն:

Գայլխեղդ շների ենթախմբերը

Գայլխեղդ շները բաժանվում են երկու ենթախմբի՝ գայլաշան և շնագայլի:

Գայլաշուն անվանվում է այն շունը, որի հայրը գայլն է, իսկ մայրը՝ գայլի կաթով սնված շունը:

Շնագայլը այն շունն է, որի հայրը գայլի կաթով սնված շունն է, իսկ մայրը՝ էգ գայլը:

Շան և գայլի բեղմնավորումից ծնված լակոտները անվախ, հանդուգն, բզկտող, բայց իրենց տիրոջը հավատարիմ շներ են, մանավանդ նույնն ցեղին պատկանող էգ շունը, որոնց անվանում են «տելե» և «քելփ»:

Գայլեղդ շան զրահապատումը

Գայխեղդ շունը զրահապատվում է. շան կրծքի և կռնակի այն մասին, որը դեպի վիզն է երկարած, ճիշտ առաջի ոտքերի ուղղությամբ, ամրացվում են պողպատից սուր խրոցներ, կրծքին՝ հորիզոնական, թիկունքին՝ ուղղահայաց, 10 - 12 սմ երկար, ճկույթի հաստությամբ: Շունը գազանների վրա հարձակվելիս նախ խփում է կրծքով, եթե առաջին զարկով կարողացավ տապալել հակառակորդին՝ գործը հեշտանում է, այլապես սկսվում էր մարտը: Այդ դեպքում շունը բացի իր ժանիքներից օգտագործում է նաև կրծքին և թիկունքին ամրացված հատուկ խրոցները, որոնք մեն մեկ զարկից լայն վերք են բացում գազանի մամնի վրա, հատկապես սրտին:

Գայլխեղդ շունը մարտից հետո

Երբ շունը գայլ է խեղդում, ավագ հովվի պարտականություննէր իր ձեռքով ճմուռ շինել և գելխեղդ շան ճակատը համբուրելուց ու գլուխը շոյելուց հետո, անձամբ կերցներ նրան, շունը զգալով այդ առանձնահատուկ վերաբերմունքը՝ նախ լիզում է ավագ հովվի ձեռքերը, այնուհետև ուտում ճմուռը: Իսկ մեկից ավել գայլ խեղդող շանը պատվելու իրավունքը վերապահված է տան մեծին՝ ընտանիքի պապին կամ տատին: Եթե նրանցից մեկն ու մեկը սարում չէ, շունը արոտավայրից գյուղ է գալիս և քծնելով պապի ոտքերի առջև, երեք անգամ հաչում է, պապը կամ տատը, առանց հովիվներից տեղեկություն ստանալու պատահածի կամ կաըարվածի մասին, անմիջապես հասկանում են, որ շունի մեկից ավելի գայլ է խեղդել, անմիջապես գրկում և ճակատը համբուրում են, գգվում, ապա իրենց ձեռքվ պատրաստված ճմուռով կերակրում: Շունը լավ կշտանալուց հետո, առանց որևէ ցուցմունքի կամ նշանի, վերադառնում է հոտի մոտ:

Հովվի օգնականը

Այդ խելացի կենդանիները հաճախ հոտը արածեցնում են նույնիսկ հովվի բացակայության ժամանակ: Չարդախլու գյուղից Մարտոււնու սարերն ամառանոց բերվող երկու գամփռները շրջակա բնակչությանը զարմացրել էին իրենց խելացի գործերով: Երեք հազար հինգ հարյուր ոչխարից կազմված հոտը միայն երկու հովիվ ուներ, որովհետև ուներ նաև այդ գամփռները:

Ահա այդ հոտը փոված է Ագրիջայի լանջին, իսկ հովիվները գործերով իջել են գյուղ: Շներից մեկը պպզած է ներքև՝ ձորում, իսկ մյուսը հոտի վերևը՝ բարձունքում: Յուրաքանչյուրի վզի և փորի տակը՝ ամենախոցելի տեղերը, պատած են երկաթե ցցունքներ ունեցող գոտիներով: Վտանգավոր կամ կասկածելի արարած նկատելով՝ իսկույն իրար իմաց են տալիս, հոտը կենտրոնացնում մի տեղ և գրոհում անկոչ հյուրին: Հյուրը նախ պետք է մոտենա հովիվներին, բարևի, զրուցի, որպեսզի շները հասկանան, որ ճամփորդը բարեկամ է: Այդ դեպքում չեն հարձակվի վրան:

Ցերեկը, երբ գայլերը թաքնված են լինում, հոտապահ շները սովորաբար ննջում: Երբ վտանգ չկա՝ անտարբեր են թվում և դանդաղկոտ: Հենց որ մառախուղը պատեց շրջակայքը կամ օրը մթնեց, այդ շները դառնում են զգոն, շրջահայաց, պտտում են հոտի շուրջը և ամեն վայրկյան պատրաստ են գրոհի: Ամբողջ գիշերը քուն ու դադար չունեն այդ կենդանիները. մինչև լույս նրանք հսկում են իրենց պահպանությանը հանձնված հոտը և նրա շրջակայքից վռնդում գայլերին և գողերին:

Հոտապահ գամփռի անկրկնելի նկարագիրը տվել է Հովհ. Թումանյանը. «Մեր հովիվների մոտ սովոորություն է հաճախ իրենց հոտը թողնել շների հսկողությանը: Ամեն հովիվ հաստատ գիտի, որ իր շունը ամբողջովին կփոխարինի իրեն: Պատահում է, որ մթնագիշերով գելը կամ գողը վրա է տալիս, հարձակվում է, հոտը ցրվում է, կտրկան է անում ոչխարի մի մասն ու քշում: Սակայն հովիվը չի հուսահատվում, նա շատ լավ գիտի, որ իր շները կփրկեն: Միմիայն շներն են իր հույսը և միմիայն նրանց է աղաղակում: Էդ ժամանակ շների մի մասը ցրված ոչխարն է հավաքում, մյուս մասը կամ մինը ընկնում է թշնամու տարածի, կտրկանի հետևից՝ անդադար բարձր հաչալով ու կլանչելով, որ տերն իմանա՝ որ կողմն է գնում, և ազատում է թշնամու ճանկից, հավաքում ու պահում, մինչև որ տերը վրա է հասնում:

Իսկ սովորական գիշերը հո նա անշարժ նստած է իր տեղը, իր թևում, հոտի կողքին և ո՛չ մի բանով, ո՛չ մի ուտելիքով չի կարելի նրա հրապուրել, տեղահան անել, մինչւ վտանգ չլինի կամ տերը չկանչի: Կպատահի, որ հոտի մի կողմը որևէ կասկածելի շարժում նկատի, էն ժամանակ էլ թաքուն կերթա, կստուգի, կրկին կգա իր թւը: Հովվի շունը հովիվն ինքն է որ կա, և դրա համար էլ հովիվն իր շանը սիրում է իր անձի նման» (5):

«Մեր ուշադրությունը գրավեցին երկու շուն, որոնք հաչելով ոչխարներ էին քշում: այռերում հոտից ետ մանացած այդ կենդանիներին տարան հասցրին իրենց ընկերներին, ապա տեսնելով, որ մի քանի խոշոր անասուններ խառնվել են ոչխարի հոտին, նույնպիսի հաչոցներով քշեցին-դուրս արին այդ կենդանիներին և տարան միացրին նախրին: Ապա եկան լուռ պահակ կանգնեցին մեկը հոտի առջևը, մյուսը՝ հետևը: Իսկ ժայռի գլխին արձանացած հովիվը իր բարձր դիրքից հայացքով լռելյան հետևում էր իր հավատարիմ օգնականների աշխատանքին:

Այդ գամփռները ոչ միայն աչալուրջ կերպով հսկում էին հոտին, որ գայլ չմոտենա, այլ չէին թողնում ոչխարները ցրիվ գան, մնան թփերում, ժայռերի ծերպերում: Ստեպ-ստեպ իջնում էին իրենց դիրքերից և հաչոցով անհնազանդ կենդանիներին սաստում, հավաքում էին հոտի ցրված «փեշերը»: Հավանաբար փորձից գիտեին, որ հենց այդ ցրիվ եկած, ետ մնացած և իրենց տեսադաշտից դուրս ընկած ոչխարներն են, որ առաջին հերթին զոհ են գնում գազաններին: Չորս տղամարդ հազիվ կարողանային այդ մի զույգ կենդանու գործը կատարել» (4):

Հովվի շունը հովվի զավակը, եղբայրը և ընկերն է: Հովիվը մինչւ չկերակրեր իր շանը, ինքը չէր ուտի: Պատահում է, հացի կամ լակի ալյուրը չեն կարողանում սար հասցնել, հովիվն ինքը անոթի է մնում և իր բաժին հացը կամ ալյուրը շներին տալիս: Առանց հոտապահ շների հոտը սարում պահել հնարավոր չէ:

Հայկական հոտապահ գամփռի բնավորության գծերը

Անձնազոհություն

Գայխեղդ գամփռը տիրոջ համար իրեն կրակը կնետի: Անտառում մոռ ուտելիս, հանկարծ արջը դուրս է պրծնում թփուտից և մարդուն դնում տակը: Շունն իսկույն թռչում է իրենից շատ ուժեղ գազանի շալակը, գզգզում բրդոտ վիզը՝ ոչինչ չի օգնում: Այլևս չդիմանալով տիրոջ տնքոցներին, անվեհեր կենդանին մտնում է արջի «շեքը», բռնում է նրա ամորձիներից և այնպես հուփ տալիս, որ գազանը աղիողորմ աղաղակ է արձակում և մարդուն բաց թողնելով, շուռ է գալիս դեպի շունը, որպեսզի մի հարվածով փշրի նրա մեջքը, բայց ճարպիկ կենդանին ետ է ցատկում և ծլկվում. դե էլ ու՞ր մնար, երբ իր սիրելի տերն արդեն փրկված էր (4):

Քաջին հարգելը

Հայկական հոտապահ շունը քաջ է ու վեհ և ինքն էլ սիրում է քաջ, և վեհ մարդկանց: Գլուխդ բարձր բռնած, հպարտությամբ և առանց վախի քայլիր հոտապահ շների մի ամբողջ ոհմակի մոտով: Չեն պատառոտի, նույնիսկ կարող է հարգանքով ճամփա տան: Հայկական գայլխեղդների բնավորության այդ գծից շատերն են օգտվում:

«Անցած տարի աշնանամուտին, լորի որս կատարելիս, Վարսեր գյուղի ոչխարաբուծական ֆեմայի շներն իրենց ամբողջ կազմով արշավեցին ինձ վրա: Ձեռքիս հրացան կար, բայց ես գիտեմ, որ այդպիսի դեպքերում զենքիդ դիմեցիր՝ կկորչես, որովհետև դրանով իսկ շներն այն տպավորությունը կստանան, թե վնասակար մարդ ես: Գալիս են հաչելով, բաշները քամուն տված, ո՜նց են գալիս...

Նստեցի և անտարբերությամբ մի կողմ եմ նայում; Թափով եկան, զարնվեցին իմ ծայր աստիճան անտարբերությանն ու զարմացած կանգ առան...

Մի այլ անգամ Մուղանի դաշտում 14 շուն հարձակվեց վրաս: Այս անգամ ինձ ծանոթ մի այլ միջոց դիմեցի. առանց հրացանս ուսիցս իջեցնելու գնում եմ դաշտով ինքնավստահ, գլուխս բարձր բռնած: Կատաղի շները գրոհում են, քիչ է մնում պատառոտեն, իսկ ես ոչ արագացնում, ոչ դանդաղեցնում եմ ընթացքս: Միայն երբեմն խեթ նայում եմ փրփրած կենդանիներին և ատամների արանգից սաստում.

-Ձա՛յնդ...

Ու շարունակում վստահ գնալ դեպի վրանները:

Դա ինձ փրկեց:Հասկացան, որ վտանգավոր մարդ չեմ: Իմ մեջ չկար գողի վարանումը, վախը: Վստահ քայլերով դեպի վրաններնէի գնում, գողն այդպիսի բան կանի՞...»:

Վախկոտին արհամարհելը

Տարիներ առաջ Գեղամա լեռներում այսպիսի դեպք էր պատահել. հովվի շներից հալածված երկրաբանները մի կերպ հասցրին պատսպարվել բեռնատարի թափքում: Միայն մեկը, Մոսկվայից եկած մի նշանավոր երկրաբան, որը անծանոթ էր հայկական հոտապահ գամփռների բնավորությանը, չէր հասցրել բարձրանալ թափքը և ընկնելով շների շրջապատման մեջ վախից դողդողալով սպասում էր վախճանին:

Շների առաջնորդը մոտեցավ մահու չափ վախեցած մարդուն, հոտոտեց նրան և ոտքը բարձրացնելով միզեց մարդու վրա՝ դրանով արտահայտելով իր արհամարհանքը և հեռացավ: Իրենց առաջնորդին հետևելով մնացած շները ևս հերթով մոտեցան մարդուն, ոտքները բարձրացնելով միզեցին մարդու վրա և հեռացան. արտահայտելով իրենց արհամարհանքը վախկոտության հանդեպ:

Մեծահոգություն

Սարերի գամփռները չեն հարձակվում երեխաների, կանանց, ծերունիների և առհասարակ անվտանգ ու խեղճ մարդկանց վրա:

Դեմքի արտահայտությունը կարդալը

Տիրոջ մի հայացքից իսկույն հասկանում են, թե եկողը բարեկա՞մ է թե կասկածելի մարդ:

Կասկածելի շարժումնե՞ր արիր, հայացքդ թափառե՞ց կամ վա՞խ արտահայտեց, փախչելու փո՞րձ արիր՝ կորած ես: Սակայն նույնիսկ այդ դեպքում էլ հենց որ վայր են գլորում և ճչոցից ու ազդանշաններից հասկանում, որ անվտանգ մարդ է, թողնում են հեռանում:

Նվիրվածություն

Բոլոր շներն են հավատարմությամբ ծառայում իրենց տերերին, բայց հայկական հոտապահ շները առանձնապես աչքի են ընկնում իրենց նվիրվածությամբ: Պատճառն այն է, որ բարեկամությունը խարիսխված է դժվարին կյանքով և ամենօրյա պայքարով, որ միասին նրանք մղում են բնության տարերքի, գազանների դեմ՝ իրենց խնամքին հանձնված անասունների կյանքը պաշտպանելու համար:

Պրոֆեսոր Սարգիս Սաքանյանը պատմում է մի շան արարքի մասին. «Լեջան գյուղի հանդում տավար պահելիս իմ ընկերներից մեկը մի տեղ մոռանում է իր տոպրակը՝ հացը միջին: Շատ է փնտրում՝ չի գտնում: Ձայն է տալիս շունն էլ չկա: Մյուս օրը նույնպես հանդում փնտրում է՝ ո՛չ շունը կա, ո՛չ տոպրակը: Ա՛յ մարդ, էս ի՞նչ բան է: Նոր հաջորդ գիշերը հիշում է, թե ի՛նչպես այսինչ աղբյուրի մոտ հաց կերավ: «Կա՜-չկա էն աղբյուրի մոտ մնաց», - մտածում է, շորերը հագնում, լուսադեմին գնում հանդ: Գնում է, տեսնում շունը աղբրի մոտ պառկած՝ տոպրակը կողքին: Տնտղում է, հացը մեջն է, ձեռք տվող չի եղել: Երկու օր էդ կենդանին հացի կողքին քաղցած նվնվացել է, բայց չի կերել» (4):

Մի օրինակ ևս. « Չամբարը գարնանը ձագեր բերեց և մայրական քնքուշ սիրով սիրեց նրանց: Ու ձագեր բերելուց հետո է՛լ ավելի բարի դարձավ փոքր արարածների նկատմամբ:

Ոչխարների ծինն սկսվել էր: Չամբարն արթուն հսկում էր նոր ծնված գառներին, իսկ եթե մեր աչքից հեռու ոչխար էր ծնում, իսկույն գալիս էր իմաց տալու, որ օգնության գնանք:

Մի երեկո էլ, երբ ոչխարի հոտը տուն էինք տանում, Չամբարը չերևաց: -

Երևի չհամբերեց, ձագերի համար տուն փախավ, - եզրակացրեց ընկերս:

Գյուղ գնացինք, բայց Չամբարը դարձյալ չկար: Նրա ձագերը կլանչելով ոտքերիս փաթաթվեցին. խեղճերը և՛ քաղցած էին, և՛ կարոտել էին իրենց մորը: Նրանց կաթ տվի, կշտացրի՝ ձայները կտրեցին: Բայց ու՞ր մնաց Չամբարը: Հաշվեցինք ոչխարներից մեկն էլ էր պակասում: Մահակս վերցրի որ սար բարձրանամ, բայց մայրս չթողեց. ակնակիր ու մռայլ գիշեր էր, հեռվում ամպեր էին որոտում, և կայծակը մերթընդմերթ ծվատում էր խավարը: Քիչ հետո սկսվեց փոթորիկ: Ամբողջ գիշերը մեր գյուղի մոտի անտառը հեծեծում էր:

Առավոտը պայծառ էր ու արևոտ: Ոչխարի հոտը նախորդ օրվա տեղերը տարանք, նայոցինք նոր տերևակալող թփուտները, և այսպիսի սրտաշարժ մի տեսարան բացվեց մեր առաջ. կորած ոչխարը նստած՝ հանգիստ որոճում էր, նրա կողքին մեկնված էր մեր Չամբարը: Նա մեզ անշուշտ վաղուց էր նկատել, բայց տեղից չէր վեր կենում, միայն պոչը բարեկամաբար շարժում էր, և նրա աչքերում ուրախության փայլ կար: Առաջ գնացինք և գաղնիքը բացվեց: Մոր և Չամբարի մեջտեղը նորածին մի գառնում անուշ-անուշ քնած էր» (4):

Բակապահ շուն կամ ուղղակի «գամփռ»

Գամփռը հոտապահ շնից ավելի մեծ է: Նա մնում է տանը և հսկում է բակն ու տունը: Նա սովորական շան նման չի հաչում, այլ հետևում է բակում խաղացող երեխաներին և միջամտում նրանց կռիվներին, իր հաստ ու բրդոտ պոչով խփելով ե սաստելով նրանց: Նա երեխաների ամենավստահելի պահապանն է, երբեմն էլ խաղընկերը, բայց միշտ պաշտպանի դիրքում:

Գամփռը ճանաչում է տան բարեկամներին և չի հաչում նրանց վրա, բայց գազազում էր օտարների, մանավանդ, ըստ իր բնազդական նախազգացման, տան թշնամիների դեմ: Նա չի կծում, այլ բզկտում է: Ենթարկվում է տան բոլոր անդամների կարգադրություններին, ճանաչում է տան անասուններին և պաշտպանում նրանց օտար հարձակումներից, թույլ չի տալիս օտար երեխաների և անասունների, մոտենան տան բակի ցանկապատին կամ տնամերձ հողամասի սահմաններին:

Քնում է մի աչքը բաց և զգաստ, ականջները լարում է ամենափոքր շարժումի դեպքում: Երբ գամփռը հաչում է, տան անդամները նրա հաչելու ձևից ու ելևէջից հասկանում էին պատճառը:

Գամփռը չի ծառանում իրեն ծեծող տիրոջ դեմ, այլ գլուխը դրած առաջին թաթերին, աղերսանքով, բայց միշտ հպատակությամբ ենթարկվում էր տիրոջ հասրած հարվածներին, առանց տեղից շարժվելու կամ փախուստի դիմելու: Պատահել է, որ որևէ լուրջ պատճառով շանը ծեծող տերը սրտի կսկիծից արտասվել է և գրկելով պարանոցը, համբյուրներով ողողել գլուխն ու աչքերը, շոյել ու գուրգուրել նրան:

Տան գամփռը՝ բացի իր տան անդամներից, ոչ ոքի ձեռքից կերակուր չի ուտի. օրերով անոթի կմնա, բայց ձեռք չի տա օտարի կողմից իրեն հրամցված հացի կամ մսի կտորին, ոչ էլ կգողանա իր պաշտպանությանը հանձնված մթերքից:

Հաճախ՝ տունը վստահելով բակի մյուս շներին, գամփռը ծածուկ հետևում է տնից փախչող երեխաներին և հեռվից հսկում նրանց, անրաժեշտ պահին օգնության հասնելով: Այդ բանը հաստատող հաստատող բազմաթիվ դեպքեր են եղել:

Եփրատի առափնյա գյուղերում, հակառակ ամեն տարի գետում երեխաների խեղդվելու դեպքերին, երեխաներին գետում լողանալու հաճույքից զրկել հնարավոր չէր լինում: Նրանք դիմում էին ամեն հնարամտության՝ տնից դուրս գալու և գետում լողանալու համար:

Բայց տան մեծերին ու ծնողներին խաբող պատանիները չէին կարողանում խաբել հավատարիմ շանը: Գամփռը աննկատ հետևում էր ծածուկ լողալու գնացող պատանուն (որպեսզի վերջինս չարգելեր այդ անելու) և թաքնվելով գետափնյա ժայռերի արանքում, հայտնվում էր միայն այն պարագայում, երբ վտանգ էր սպառնում երեխաներից որևէ մեկին:

Ահավասիկ 1912 -ին պատահած մի դեպք (2):

Չայգոմի գյուղից մի խումբ պատանիներ որոշում են վարդավառի տոնակատարության օրը լողանալ Եփրատ գետի վտանգավոր տեղում: Գետափ հասնող պատանիները, երբ տեսնում են գետի աղմկահույզ գոռոցը, ջրի սրընթաց հոսքը, տատանվում են մտնել ջուրը և գործադրել գետն անցնելու իրենց որոշումը: Բայց պատանիներից մեկը, ամենահանդուգնը, առանց կարևորություն տալու ընկերների նախազգուշացմանը ու գետը մտնելն արգելելու փորձերին, մերկանում և նետվում է ջուրը:

Առաջին պահ պատանին մեծ ճիգերով մաքառում էր գետի հոսանքի դեմ և խորանում նրա մեջ, որպեսզի կարողանա ճեղքել այն և հանդիպակաց ափ դուրս գալ, բայց հոսանքը կաշկանդումէ պատանու բոլոր շարժումները և նրան քշում վար: Ընկերների օգնության կանչերը մնում են անհետևանք, պատանին գետի ձախ շրջադարձի հետ կորչում է տեսողությունից: Այդ իրարանցման մեջ մեկ էլ լսվում է շան ընդհատ-ընդհատ հաչոցը: Օգնության հասնող հովիվները, հետևելով շան հաչոցին, բարձրանում են ափամերձ քարին ու տեսնում, որ ձախափնյա հարթության վրա Զուլում անունով շունը լիզում է Մուրոյի ճակատը, կուրծքը և ուրախությունից կլանչում: Պատանի փրկվում է:

Այդ օրը մեծ տոնախմբություն էր: Հայ և քուրդ բնակչությունը՝ հավաքված ս. Սարգսի Լուսաղբյուրի անտառի բացատում, զույգ դհոլ-զուռնաների նվագակցությամբ երգում, պարում և փառաբաում էին մեծ տոնը՝ վարդավառը, նրա պաշտպան և հովանավոր ս. Նիկողոսին, շան միջոցով աղետյալին օգնության հասած Սարգիս և նրա պաշտպանությունը վայելող օրվա հերոսներին՝ ազատարար Զուլումին և աղետից փրկված Մուրոյին: Մատաղներ մորթվում էին շատերի կողմից, որովհետև դեպքը վերագրում էին հրաշագործության:

Գամփռի խիստ հավատարմության հետ կապված դեպքերից ևս մի քանիսը (2):

1907 թ. թուրքերի դեմ մղված մարտերում Մնձուր լեռնաշխարհի Ղրգրլքիլիսեի Փախ գյուղացի Ակոն անհետ կորչում է: Բոլոր պրպտումները՝ մեռած կամ վիրավոր գտնելու Ակոյին, մնում են անհետևանք, Անթառ ամաը չի հավատում իր թոռան կորստին և պնդում է, թե Ակոն կենդանի է, իր այս համոզումը հիմնավորելով նրանով, թե մարտի թեժ պահին իրենվ շուն Չալոն, անտեր ձգելով իր կաթնակեր քոթոթներին, սլացել է դեպի Խութաց-ձորը (մարտի վայրը) և դեռևս չի վերադարձել:

Անթառ մամը գուրգուրանքով խնամում և կերակրում էր Չալոյի որբացած քոթոթներին և սպասում նրա վերադարձին: Շունը վերադառնում է երեք օչվա բացակայությունից հետո, երբ արդեն թուրք զինվորները պարտվել և Խուրթաց ձորը խաղաղվել էր:

Շունը հասնում է տուն նիհարած ու անսվաղ վիճակում, բայց փոխանակ քոթոթների մոտ գնալու, վազում է Անթառ մամի մոտ և թաթերը դրած մամի ուսերին լիզում նրա ձեռքերը: Դա հաղթանակի նշան էր: Մամը գուրգուրում և համբուրում է շանը ու հարցնում. -

Որտե՞ղ էիր այսքան օր, ընչի՞ անտեր ու որբ թողիր ձագուկներիդ և կորար անհետ: Ասա՛, Չալո՛, որտե՞ղ էտերդ՝ Ակոն:

Չալոն կարծես հասկանում է տիրոջ խոսքերը և պոչը շարժելով հաչում երեք անգամ: ուղղվում է դեպի դուռը, կրկին հաչում և հրավիրում տանտիրոջը՝ հետևելու իրեն:

Մամը անմիջապես հավար է կանչում և գյուղում գտնվող մի քանի հոգի հետևում են շանը, որը նրանց առաջնորդում է գյուղից բավական հեռու, անմատչելի ապառաժների խորքում գտնված մի քարայր, ուր ծանր վիրավոր, բայց ուշքի եկած պառկած է լինում Միրագից Ակոն:

Տեղում պատրաստած պատգարակով վիրավորին փոխադրում են գյուղ: Հարկ եղած դարմանումները կատարելուց հետո, երբ վիրավորը կարողանում է խոսել, պատմում է հետևյալը. -

Նահանջող թուրքական զորքի նահանջի ճանապարհը կտրելու կտրելու նպատակով ես դուրս եկա թաքստոցից և վայր ցատկեցի Չաթալ քարի արանքից, որ բռնեմ Բոզ Կետուկի դիրքը: Քարը շատ բարձր էր, վայր նետվելիս ձախ ոտքս, ծնկից վար, կոտրվեց: Քանի դեռ վերքը տաք էր, դիմացա ցավին և սողալով հասա Բոզ Կետուկին ու դիրք բռնեցի դեպի Շեյթան- ղայա տանող արահետի բարձունքում, որտեղից անցնելու էին զորքից կտրված ութ զինվոր և մի հազարապետ:

Հիշում եմ, ոռաջին կրակոցից գետին տապալվեց հազարապետը, երկրորդ գնդակով խփեցի բաշ-չաուշին, մնացած յոթ զինվորները կրակելով ետ նահանջեցին: Այդ միջոցին էր, որ թշնամու գնդակներից մեկը դիպավ աջ ուսիս և հրացանը վայր ընկավ ձեռքիցս: Գիտեի, որ փախստականները չէին կարողանա բարձրանալ Բոզ Կետուկի ժայռերը, որ վնասեն ինձ, բայց զհացի, որ աջ թրս չի շարժվում և արյունը հոսում է ջրի պես: Թե ինչ պատահեց հետագայում, չգիտեմ: Որքան էի մնացել ուշագնաց, ոով և ինչպես էր փոխադրել ինձ անծանոթ այդ քարայրը, ուր գտաք ինձ, չգիտեմ, միայն զգում էի, որ ինչ-որ բան եմ ծծում ու տաք հեղուկը հոսում է կոկորդիցս վար և ինչ-որ կենդանի լիզում է ճակատս... Կոպերս այնքան էին ծանրացել, որ աչքերս բացել և ձեռքերս շարել չէի կարողանում: Վերքերի ցավից, թե կորցրած արյունից բոլոր անդամներս անշարժացել էին: Զգում էի, որ շնչում եմ, ուրեմն դեռ չեմ մահացել, բայց պատահածի մասին ոչինչ հիշել չէի կարողանում, ավելի ճիշտ՝ ուղեղս չէր գործում: Ժամանակի տրողության մասին գաղափար չունեի, քանի ժամ կամ քանի օր էի մնացել այդ վիճակում, չգիտեի: Միայն երբ աչքերս բացեցի, տեսա, որ Չալոն լիզում է վերքերս, որոնցից արյուն չէր ծորում և ոչ էլ լերդացած արյուն կար մարմնից սրևէ մասում: Շանը որտեսա գլխավերևումս, կարծես նորից կյանք ստացա: Թեև չկարողացա գրկել և համբուրել նրան, բայց կարողացա շշնջալ.

-Չալո, ես ողջ ել, հասիր տուն և օգնություն կանչիր: Մնացածը ծանոթ է ձեզ:

Պարզվում է, որ Չալոն ծանր վիրավորին փոխադրել է վտանգի վայրից հեռու, կաթով սնուցել, լիզել վերքերը և հսկել տիրոջը այնքան, մինչև նա ինքնագիտակցության է եկել հրամայել է իրեն գնալ տուն օգնություն կանչելու:

Պարտի գյուղացի Զեյնալը արյան փոխվրեժից խուսափելու համար անհետանում է գյուղից: Հավատարիմ շունը երկար թափառումներից հետո գտնում է տիրոջ թաքատոցը և ամեն օր գյուղացիներից ծածուկ տնից ուտելիք, հագուստ և ծխախոտ տանում երկու ամսից ավելի քարայրներում թաքնվող իր տիրոջը և ընկերանում է նրան սարից-սար թափառումների ժամանակ: Մի օր Զեյնալը ցանկանում է գնալ Գոմերում գտնվող իր քեռու մոտ. շունը գնում է Զեյնալից առաջ և հետախուզում ճանապարհը:

Սև Քարի քարաբլուրը դեռ չբարձրացած, շունը հաչելով նախազգուշացնում է, թե մարդ է գալիս: Տերը թաքնվում է ժայռերի արանքում, բայց շունը, տիրոջ թաքստոցը չմատնելու համար, վազում է առաջ, որ նաև ստուգի եկողի ինքնությունը: Քարաբլուրի հետևից հայտնվում է Զեյնալին փնտրող թշնամին, շունը ճանաչում է նրան, նա էլ շանը, փորձում է սիրաշահել շանը, որպեսզի նրա միջոցավ հայտնաբերի թշնամուն: Շունը հարձակվում է թշնամու վրա: վերջինս ստիպված պաշտպանվում է և թրի հարվածով ճեղքում է շան գլուխը: Մինչ այդ շանն օգնության հասնող Զեյնալը հայտնվում է և կրակում թշնամու վրա: Զոհվում է հավատարիմ շունը, բայց փրկվում է տերը (2):

«Բարեկամները բակապահ մի շուն բերին անվանի նկարչի համար: Իր տիրոջ մոտ լավ չէր ապրել այդ կենդանին. դա երևում էր նրա նիհար կողերից և գզգզված մազերից: Բայց աչքերը խելացի էին, բնավորությունը՝ մեղմ, հանդարտ: Նրան բերել էին Երևանի մյուս ծայրից Գետառ գետից ոչ հեռու... Այդ շան համար հիանալի կյանք էր ստեղծվել իր նոր տերերի մոտ, ուր առատ կեր էր ստանում և միշտ մեղմ խոսքեր լսում իր հասցեին: Նա արագ կազդուրվեց, մազը փայլ ստացավ, աչքերը դարձան ավելի կենդանի, ավելի աշխույժ: Միայն երբամն նկատում էին, որ նա գլուխը դնում է ադաջին թաթերի վրա և լուռ ու շրջապատին անտարբեր նայում մի կետի: Այդ պահերին նրա հայացքում մեղմ տխրություն կարելի էր կարդալ:

-Տե՛ս, Լուսիկ, տիրոջն է հիշում,-թաց վրձինը շան կողմը մեկնելով, կամաց ասում էր ծեր նկարիչը:

Գարնան մի ակնակիր գիշեր շատ անձրև տեղաց: Ամպերը որոտում էին ահարկու ձայնով, և կայծակները հրեղեն ցոլքերով ծվատում էին երկինքը:

Շունը, որ կապված էր սրահում, հանկարծ ոռնաց աղեկտուր և թափ տվեց, որ կտրի իր վիզն օղակող կապը: Նա ծառս էր լինում ու ամբողջ ուժով զարնվում սյանը, որից կապված էր:

-Ի՞նչ է պատահել այս կենդանուն: Ինչու՞ է անհանգստանում,-տարակուսած հարզնում էր տիկին Լուսիկը:

-Վտանգ է զգում... Շներն այդպես անհանգստանում են մեծ վտանգից առաջ, երբ սիրած տերը պատուհասի է հանդիպում:

Անցավ մի քանի րոպե, հանկարծ փողոցից տագնապալից ձայներ լսվեցին.

-Հեղե՜ղը, հեղե՜ղը... Գետառը ափերից դուրս է եկել...

Սկսվեց Երևանի 1946 թվի մայիսի մեծ հեղեղը:

Սակրավոր վաշտերը, միլիցիան, բեռնատար ավտոմեքենանարը զբացված էին աղետի ենթարկված բնակչությանն օգնելով: Մարդիկ անծանոթ երեխաներին իրենց ուսերին առած՝ անց էին կացնում փողոցներով վազող ջրերից, ոմանք իրեղեններն էին խլում կատաղի հեղեղի բերանից:

Այդ պահին մի կենդանի պղտոր ջրերի դեմ կռվելով, լողում էր դեպի Գետառ գետը, դեպի այն ցածրիկ, կավաշեն տունը, որի բակի մի անշուք անկյունում ծնվել ու խաղալով մեծացել էր ինքը:

Այդ տան բակում լճացած ջուրն էր ծփում էլեկտրական լույսի թույլ ցոլքերից, նկուղը հեղեղված էր, և եկող նոր ալիքները զարնվում էին խարխուլ պատշգամբին: Տանտիրուհին ճչալով, ջրերի մեջ չփչփացնելով իրերը կրում էր հարևան ամուր շենքի երկրորդ հարկը, իսկ ամուսինը երեխաներին շալակած շտապում էր դեպի բարձրադիր մի հողաթումբ, ուր ջուրը դեռ չէր հասել:

Բակում լճացած ջրերը պատռելով, ցեխոտ ու թուլացած տեղ հասավ շունը և փռվեց հողաթմբի գլխին, տիրոջ երեխաների ու իրերի մոտ:

Աղետի այդ ծանր պահին մարդու սիրտը թեթևացավ, իսկ երեխաները իսկույն մոռաղան քիչ առաջ իրենց կրած սարսափը և շանը գրկած փաղաքշում էին նրս սառած մարմինը: Իսկ նրանց հայրը զգացված ասում էր.

-Իմ նեղ օրին հասա՞ր, Ուրուս ջան, բա ո՞նց գտար մեզ...Դեþ, Ուրս, երեխաներին ու իրերին հայիր, ես գնացի:

Ու ջուրը մտնելով գնաց տանը մնացած մյուս իրերը բերելու:

Ափերից դուրս եկած Գետառը գոռգոռում էր ահարկու, փլվում էին նրա երախն ընկնող խարխուլ պատերը, բայց ոչ՛ գոռգոռացները, ոչ՛ տագնապալի գիշերը ահ չբերին իրենց կղզուն ապաստանած երեխաներին. նրանք խաղում էին իրենց մանկության ընկեր Ուրսի հետ (4):

Արջաշուն (2)

Արջաշունը, որը գամփռի մեկուկես արժեքը ուներ, խիստ հազվագյուտ էր: Օգտագործվում էր միայն վարպետ գազանորսների կողմից՝ արջի որսի ժամանակ: Արջից ավելի ուժեղ էր, երբ մանավանդ զինված էր լինում պողպատե ցցերով:

Որսաշուն կամ բարակ (3)

Այս շունը օգտագործվում էր աղվես, վայրի կատու, լուսան որսալու համար: Նա թեթևոտն և արագավազ էր:

Քարայծ, եղջերու հալածելու և քարայրներից դուրս բերելու համար օգտագործում էին բարակի և գայլաշան զուգավորումից սերած և միայն Դրսիմ կամ Մնձուր լեռնաշխարհին հատուկ մի տեսակ որսի շուն, որը քարայծի ամենաթեթև հետքերից կարողանում էր հայտնաբերել նրա թաքստոցը և առաջնորդել այն ուղղությամբ, ուր թաքնված էր որսը:

Այս կարգի շները թե՛ հոտառությամբ, թե՛ հաչելու ձևով տարբերվում էին մյուս շներից: Սրանք մարդկանց վրա չէին հաչում, շատ ուշիմ էին և նվիրված իրենց տիրոջը: Վիրավոր որսին հետապնդելու, նրա թաքնված տեղը գտնելու և հաչելով որսորդին իրենց մոտ կանչելու առանձին հատկություն ունեին:

Հայկական գամփռի գինը

Հայկական լեռնաշխարհում փոխանակության հիմքը ոչ թե ոսկին և արծաթն էր, այլ բնամթերքը կամ անասունը: Շան գինը ևս որոշվում էր այդ փոխարժեքներով:

Մնձուր լեռներում մեկ ցեղական շան գինն էր 40 կոտ (640 կգ) ցորեն, կամ մեկ ձի, կամ մեկ կթան կով՝ հորթը հետը, կամ 10 ոչխար՝ գառներով (2): Այնտեղ մեկ ցեղական շան համար կարելի էր վճարել նաև 80 կգ մեղր, կամ 80 կգ յուղ, կամ նույնքան բուրդ:

Եթե մնձուրցի գյուղացին փոխանակության համար որևէ միջոց չուներ, բայց ցանկանում էր հայկական ցեղական գամփռ ունենալ, պարտավոր էր 80 օր անվճար աշխատել շան տիրոջ համար:

Սասունում մեկ գելխեղդ շան համար վճարում էին նոր ծնած 10-12 ոչխար (1):

Մոտավորապես նույն գներն էին նաև Հայաստանի մյուս շրջաններում (4): Առանձնապես երևելի շների գները հասնում էր մինչև 30-40 ոչխարի (4):

Իրականում սակայն, գամփռ շան գինը շատ ավելի մեծ էր: Գամփռի վրա զենք բարձրացնելը կամ սպանելը հավասար էր մարդասպանության:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Խ. Դաշտենց, Խոդեդան, Երևան, 1950:

2. Հայ ազգագրություն և բանահյուսություն, 5, Գ. Հալաջյան, Դերսիմի հայերի ազգագրությունը, Երևան, 1973:

3. Հ. Երեմյան, Նոր կենդանաբանություն, Վենետիկ, 1896, էջ 37:

4. Վ. Անանյան, Հայաստանի կենդանական աշխարհը, հտ. 1, Երևան, 1961:

5. Հովհ. Թումանյան, Երկեր, Երևան, 1978: