Շանն ընտելացնելու մասին հայերը այսպիսի մի ավանդություն ունեն2: Սկզբում գայլերն են ապրելիս եղել մարդու մոտ և ծառայել են նրան այնպես, ինչպես ներկայումս շունն է ծառայում: Այդ ժամանակ շները վայրենի էին և ապրում էին անտառներում: Այնտեղ ցուրտ էր և նեղվում էին քաղցից, ուստի դիմում են գայլերին, թե՝ հիվանդացել ենք, թույլ տվեք գանք մարդու տաք բնակարանում ապրենք միառժամանակ, մինչև որ կառողջանանք, իսկ դուք մեր տեղը անտառ գնացեք:
Համաձայնության են գալիս, «պաշտոնների» փոխանակություն կատարում: Կարճ ժամանակուն նրանք այնպես են կապվում մարդու հետ, որ այլևս չեն ցանկանում բաժանվել նրանցից: Մինչև այժմ էլ գայլերը անտառից բարձրաձայն հարց են տալիս՝ «Առողջացա՞ք, վերադարձեþք»: Իսկ շները ոռնում են և դրանով ցույց տալիս, թե իբր դեռ տանջվում են ցավերից:
Այս ավանդության մեջ ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ մարդը մի ժամանակ ընտելացրած է եղել նաև գայլերին: