ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈԹՈՐԿԱՇՆԵՐ

կազմել է Էդվարդ Սարգսյանը

Հայկական բարձրավանդակը կամ Հայկական լեռնաշխարհը հայ ժողովրդի հայրենիքն է եղել հինգ հազար տարի շարունակ: Այն գտնվում է Սև, Կասպից և Միջերկրական ծովերի միջև: Լեռնաշխարհի մի շարք մասերում ձմեռն այնքան ձյունառատ է, որ լեռնեցիների ասելով՝ եթե ճնճղուկը պառկի ձյան վրա և ոտքերը վեր պարզի, ոտքերը կհասնեն երկնքին1:

Ահեղ է բնության տարերքը Հայաստանում, և հայերը դարեր շարունակ սովորել են ահեղ տարերքին դիմագրավելու ուղիները: Հույն պատմիչ Ստրաբոնը երկու հազար տարի առաջ գրում է, որ Հայաստանի լեռներում քարավանները հաճախ մնում էին ձյան տակ: Մի հասարակ հնարք և վտանգը շրջանցվում էր: Ճամփորդները նստում էին հենված իրենց գրաստներին և ժամանակ առ ժամանակ շարժում երկար ձողերը, որոնցով զինված էր նրանցից յուրաքանչյուրը: Բացված անցքը թույլ չէր տալիս, որ ճանապարհորդները խեղդվեն օդի անբավարարությունից: Երբ բուքը հանդարտվում էր, երևում էին միայն ձյունե բլրակների միջից դուրս ցցված ձողերի ծայրերը:

Հայաստանում կատարելության էր հասել ձյան գերությունից մարդկանց փրկելու վարպետությունը: Հայերն այդ նպատակով օգտագործում էին հատուկ վարժեցված շներ շատ ավելի վաղ, քան եվրոպացիները կսկսեին օգտագործել սենբեռնար շներին: Առաջին վկայությունն այդ մասին վերաբերվում է Մ. Թ. առաջին դարում ապրած հայոց Աբգաև թագավորի քույր Ավդեին և հայոց ապագա թագավոր Սանատրուկին: Դեպքը տեղի է ունեցել Մ. Թ. 20 թվականին: Հինգերորդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացին այսպես է նկարագրում այն2.

«Բայց թե ինչո՞ւ նա Սանատրուկ կոչվեց, պետք է ասել. Աբգարի քույր Ավդեն ձմեռ ժամանակ դեպի Հայաստան ճանապարհորդելիս բքարգել է լինում Կորդվաց լեռներում. մրրիկը բոլորին ցրեց, այնպես որ ոչ մեկը չգիտեր, թե ընկերն ո՛ւր քշվեց: Իսկ նրա դայակ Սանոտը՝ Բյուրատ Բագրատունու քույրը և Խոսրեն Արծրունու կինը, երեխային, որը դեռ շատ փոքր էր, ստինքների մեջ առնելով՝ երեք օր և երեք գիշեր մնաց ձյան տակ: Սրա մասին առասպելաբանում են, թե մի ինչ-որ նորահրաշ սպիտակ կենդանի աստվածներից ուղարկվեց և նա պահպանում էր երեխային: Բայց որքան մենք վերահասու եղանք, բանն այսպես է եղել. որոնող մարդկանց հետ եղել է և մի սպիտակ շուն, որ պատահել է երեխային և դայակին:Այս պատճառով էլ նա կոչվեց Սանատրուկ, անունը դայակից ստանալով, իբրև թե Սանոտի տված»2:

Փրկակար շների օգտագործման հաջորդ փաստը 20-րդ դարից է և վերաբերում է պատմական Հայաստանի Դերսիմ գավառին: Դերսիմ լեռնաշխարհի լավագույն գիտակ Գ. Հալաջյանը այսպես է նկարագրում այն.

«Փոթորկաշունը գամփռի մի տեսակն էր, որը, ըստ ժողովրդական հավատալիքի, վայելում էր սուրբ Մինասի պաշտպանությունը և գործում նրա ներշնչմամբ ու օժտված էր փոթորկի ժամանակ կողմնորոշվելու բացառիկ հատկությամբ:

Լեռնային շրջաններում ձյունամրրիկը շատ ուժեղ էր լինում, հայտնվում էր անսպասելի արագությամբ և հաճախ տևում մինչև հինգ օր: Երթևեկությունը գյուղից-գյուղ և առհասարակ հաղորդակցության բոլոր միջոցները խզվում էին:

Հաճախ պատահում էր, որ օդի պարզությունից խաբվող ճամբորդը, կես ճանապարհին ընկնում էր ձյունամրրիկի անդիմադրելի հողմապտոյտի մեջ ու կորցնում ճանապարհը: Թեև վտանգավոր տեղերում ճամփան ցույց տվող նշաններ կային, բայց փոթորիկն այնքան ուժեղ և մեգն այնքան խիտ էր լինում, որ մարդիկ նույնիսկ իրար չէին տեսնում, շունչները կտրվում, տեսողությունը մթագնում, գիտակցությունը կորցնում և մոլորվում: Նման պարագայում, ահա, աղետյալներին օգնության էին հասնում ազատարար շները: Դրանց թիվը սակայն, սահմանափակ էր: Միայն հայտնի աղաները, մեծ կրոնապետերը և խանետան տոհմային տնտեսությունները պահում և օգտագործում էին դժվարությամբ ձեռք բերված շներ, ու երբ ձյունամրրիկը մոլեգնում էր, ազատարար շներն արձակում էին շղթաներից ու բաց թողնում գյուղը մտնող վտանգավոր ճամփաների ուղղությամբ: Շներն, ընտրելով իրենց գնալիք ուղղությունը, գործում էին երեքը, չորսը, նույնիսկ հինգը միասին, նայած վայրի վտանգավորությանը:

Երբ շները սկսում էին հետախուզությունը, տերերը սովորաբար հերթով տագնապի զենք (հատուկ հրացան, որ շատ աղմուկ էր հանում) էին կրակում օդում, մինչև շների վերադարձը՝ նախ նրանց քաջալերելու, ապա իմաց տալու մոլորյալներին գյուղի տեղը և ուղղությունը:

Շների կողմից ազատված աղետյալները համարվում էին ս. Մինասի պաշտպանյալներ, և ըստ այժմ հարգում և պատվում էին նրանց, իսկ ազատարար շների տերերի օջախները համարվում էին կրակի սրբի և սուրբ Մինասի դաշնակիցներ, ուստի երդվում էին այդ օջախների անունով: Աղետից ազատվածները, ամեն տարի կալի ավարտից հետո, ուխտի էին գնում իրենց փրկչի՝ սուրբ Մինասի սրբավայրերը, զոհեր մատուցում սրբին և ազատարար շան տան օջախի սրբին, շանը նկատելով սրբի միջնորդ կամ կամակատար: Երբեք ձեռք չէին բարձրացնում ազատարար շների վրա:

Ազատարար շունը երբ ծերանում էր, տանը չէր մահանում: Նախազգալով մոտալուտ մահը, աննկատ հեռանում էր գյուղից և մահանում որևէ անմատչելի թաքստոցում:

Այս շներին վերաբերող բազմաթիվ առասպելախառն պատմություններից ներկայացնենք մեկը, որը վերաբերում է մի աղետյալ ընտանիքի փրկությանը:

-Հորեղբայրս՝ Սեիդ-Տեմենը, անդրանիկության կարգով ժառանգել էր Աղուջանների ընտանիքի կրոնապետի իրավունքը և բնակվում էր Մնձրա սարի Անահիտի կաթնաղբյուրներին հարակից Զերանիկ գյուղում,- պատմում էր Սեիդ-Տեմենի եղբորորդի Սեիդ-Ալին:

Հայրս՝ Սեիդ-Ճաֆերը, իր կրտսեր եղբայր Սեիդ-Սուլեյմանի հետ, իրենց ընտանիքներով, զավակներով ու թոռներով բնակվում էին Պաղր պապ լեռան ստորոտում, Զերանիկից դեպի արևելք երեք ժամվա հեռավորության վրա գտնվող Անահիտի գոմերում: Մեզ մոտ էր ապրում Մեծ մայրը:

Սեիդ-Տեմենը արու զավակ չուներ և դա խիստ մտահոգում էր բոլորիս: Հունվարի առաջին օրերին էր, խունկ ու մոմով և կարմիր խնձորով լրաբեր եկավ մեզ ավետելու, թե Աղուջանների մեծ օջախի տերը հինգ աղջկանից հետո ունեցել է արու զավակ և Մեծ մորը հրավիրում է գալու և օրհնելու օջախի ժառանգորդի ծնունդը: Հայրս հայտնեց, թե մի քանի օրից հետո Մեծ մամը իր զավակներով ու թոռներով կգա Զերանիկ՝ օջախի ժառանգորդին աչքալուսանքի: Լրաբերների մեկնելուց հետո հայրս փոխեց մտադրությունը և կարգադրեց ճամփա ելնել հաջորդ օրը:

Օրը պարզկա էր, արեգակը փայլում էր երկնակամարում: Պաղրից մինչև Մնձուր սար կարելի էր հասնել կես օրում: Ձյունը թեև հասնում էր մարդու գոտկատեղին, բայց արահետը բացված էր: Հայրս աճապարում էր օգտվել խաղաղ երկնքից ու օդի պայծառությունից և ժամ առաջ շնորհավորել մեծ եղբոր երջանկությունը:

Ճամփա ելանք արևածագից քիչ հետո: Առջևից գնում էր թեև ութսունամյա, բայց նորահարսի նման առույգ և արագաշարժ մեծ մամը, հայրս հետևում էր մորը, հորեղբայրս իր երկու զավակների և կնոջ հետ գտնվում էին առաջ ընթացողների և հինգ շալակատարների միջև՝ բոլորն էլ նույն օջախի անդամներ:

Արահետը ընթանում էր ելևէջներով: Ճամփի մեծ մասն անցել էինք, մնում էր ելնել Ճերմակ քարերի վերելքը և թեքվել դեպի Զերանիկ: Դիմացից երևում էր Կերկան քարերի մեծ նշանակետը: Հանկարծ անսպասելիորեն երկինքը մթնեց, որին հաջորդեց ուժեղ քամի: Մեծ մայրը կանգ առավ և ցույց տվեց Պաղր և Մնձրա սարերի միացման կետից սանձազերծված փոթորիկն ու բղավեց.

- Գելխեղդն (գայլ խեղդող ուժեղ փոթորիկ) է գալիս,- և սկսեց աղոթել:

Այդ միջոցին մենք գտնվում էինք այնպիսի տեղում, որից մի քանի քայլ վար անդնդախոր ձոր էր: Քամին կարող էր մեզ գլորել ժայռից: Երկինքը մոլեգնել, քամին կատաղել, ձյունը տեղում էր անընդհատ, իսկ քամին թուլ չէր տալիս շնչել:

Հայրս կարգադրեց կանգ առնել և խմբվել, որովհետև արահետը ծածկված էր ձյան հաստ շերտով, մոլորվելու վտանգը և ժայռերից վար գլորվելու սարսափը հարկադրեց մեզ խումբ կազմել, որպեսզի միմյանց չկորցնենք: Հայրս և հորեղբայրս ձայն-ձայնի տված թեև քաջալերում էին մեզ, բայց իրենք էլ զգում էին, որ գտնվում ենք հուսահատ կացության մեջ:

Մեծերը և ավելի ուժեղները կլոր շրջան կազմեցին, կանանց ու պատանիներին էլ նստեցրին բոլորակի կենտրոնում, որպեսզի պաշտպանվեն մոլեգնող թիփուց և շունչ-շնչի տալով տաքացնեն իրար:

Փոթորիկը գնալով սաստկանում էր: Մեծերն էլ չկարողացան ոտքի մնալ և իրենք էլ ձեռք-ձեռքի տված շրջան կազմեցին նստողների շուրջ, իրենց աբաներով ծածկեցին խմբի գլուխը և ամուր բռնած աբաների փեշերից, գլուխները պահեցին ծածկոցի տակ:

Որքան տևեց փոթորիկը, ինչպես ծածկվեցինք ձյան հաստ շերտով, չիմացանք: Օրվա ժամի կամ առհասարակ ժամանակի տևողության մասին գաղափար չունեինք, քանի որ փոթորիկը լեռնագագաթներից ու լանջերից հավաքած և դեպի ցածրերը քշած ձյան տեղափոխումներն այնքան արագ էր կատարել և մեր խումբը ձյան խոր գերեզմանի մեջ թաղել, որ շրջապատներս տեսնելու կամ հաստ ծածկույթից դուրս գալու հնարավորություն չունեինք: Հայրս և հորեղբայրս, որպես քաջածանոթ թիփու խաղերին, փորձում էին թիկունքները դեմ անել և հնարավորության սահմաններում մասանբ թեթևացնել մեզ ճնշող և շնչներս կտրել սպառնացող ձյան ծանրությունը: Թե ինչ պատահեց հետագայում, չեմ հիշում: Ահավոր աղետի մանրամասնություններին ծանոթացանք այն ժամ միայն, երբ կիսասառածներիս դուրս բերին գոմաղբի միջից և գոլ ջրով լողացնելուց հետո, կրակից հեռու, թոնրատան հեռավոր անկյունում, հավլջանից, զենջեֆիլից, դարչինի խառն արմատներով եռացրած թեյ խմեցրին:

Մինչ աղետյալներս, բաժակ-բաժակի ետևից մեղրախառն թեյ էինք խմում թոնրատան օջախի աջ կողմը, սեթին փռված գորգերի վրա ծնրադիր հորեղբայրս աղոթում և փառաբանում էր Աղուջանների օջախի սրբի զորությունը, որն ուղղություն տալով ազատարար շներին, նրանց ներշնչել էր կանգ առնել աղետի վայրում և փրկել մեզ:

-Աղուջանների օջախի սուրբը, իմ տեր Տեվրեշ-կուլապին, մարդկանց և ժողովուրդների ազատարար սուրբ Սարգիսը, մեր օջախին օգնության եկան և ազատեցին տասնմեկ մարդ,- աղոթում, արտասվում և պատմում էր հորեղբայրս աչքալույսի եկող գյուղացիներին:

-Ով աստված, ով Սարգիս, ով Աղուջանների օջախի տեր,- կրկնում էին ներկաները, նույնպես ծնրադիր:

Աչքալույսի և նորածնին քավորության առաջարկով Զերանիկ ժամանած Մամիկոնյանների հայտնի ցեղապետ Սիրապ աղան, որ մի ժամ առաջ էր տեղ հասել և գտնվում էր ծնրադրողների շարքում անտեղյակ աղետի մանրամասնություններին, դիմելով հորեղբորս, խնդրեց պատմել տեղի ունեցած հրաշագործության՝ ահավոր փոթորկից տասնմեկ աղետյալների փրկության մասին:

-Աղա, դու ծանոթ ես մեր փրկարար շներին, որոնք գտնվում են մեր օջախի սրբի՝ սուրբ Սարգսի պաշտպանության տակ և նրանց ներշնչումով ու ցուցումներով ամեն տարի փոթորիկների ժամանակ ազատում են մոլորյալ ճամփորդներին, փրկելով նրանց կյանքը: Բայց այն, ինչ պատահեց իմ օջախի շառավիղների հետ, կարելի է ասել, թե իսկապես մեծ հրաշագործություն էր: Մեր սրբազան օջախի պաշտպան Զուլումին (Պատուհաս), Ելդըրըմին (Կայծակ) և Ազրարիլին (Հոգեառ) ինչպես միշտ, փոթորիկների ժամանակ, այս անգամ էլ արձակեցինք շղթաներից և առանց ուղղություն ցույց տալու թույլ տվինք, որ գնան ինչ ուղղությամբ մղում է բնազդը, որովհետև մերոնց գալուն չէինք սպասում: Փոթորկաշները՝ ներշնչված սուրբ Սարգսի (Հազրեթի-խըդրի) սուրբ զորությունից և արհամարելով գելխեղդ ձյունամրրիկի ուժեղ հոսանքը, գնում են Անահիտի գոմերի ուղղությամբ, դեպի մեծ նշանակետը: Շների մեկնելուց երկու թե երեք ժամ հետո, երբ թիփին մոլեգնում էր և թույլ չէր տալիս տնից դուրս գալ, լսեցինք Ելդըրըմի օգնության կանչը (երեք անգամ հաչել, ապա կաղկանձել և դարձյալ երեք անգամ հաչել): Շունը մենակ էր: Չնայած իրեն հանգստացնելու և ներս տանելու մեր կանչերին, շունը շարունակեց օգնության կանչը և չդադարեց ստիպողաբար իրեն հետևելու գլխի և պոչի շարժումները:

Ըստ ընդունված կարգի, տագնապի ազդանշան տրվեց լայնափող շեշխանե հրացանով, որը որոտում է փոքր թնդանոթի նման: Արագ հայտնվեցին մասնագետ հետագետներ՝ 20 ամրակազմ և երիտասարդ լեռնագնացներ, բոլորն էլ զինված և պաշտպանված փոթորկին դիմադրելու ամեն հարմարություններով: Հետները վերցրին վեց պատգարակ և ճամփա ելան շան առաջնորդությամբ:

Հետագայում պարզվեց, որ ազատարար շները, երբ հայտնաբերում են աղետյալնների տեղը, երկուսը մնում են ազատարար աշխատանքները շարունակելու, իսկ երրորդը վազում է դեպի գյուղ օգնություն կանչելու:

Ազատարարների խումբը հասնելով աղետի վայրը, զարմանքից շշմած կանգ է առնում տեղի ունեցած հրաշքի առջև: Երկու փոթորկաշները ոչ միայն հայտնաբերել էին աղետյալներին, այլև անհավատալիորեն ցույց էին տվել առաջին շտապ օգնությունը: Զուլումն ու Ազրայիլը երկու տարբեր ուղղությամբ, գերբնական ճիգերով, ճամփա էին բացել ձյան տակից և միաժամանակ հասել մարդկանց խմբին, որոնցից միայն երեքն էին դիմացել փոթորկի հեղձուցիչ հարվածների ծանրությանը և պահպանել գիտակցությունը: Երբ շները հասնում են աղետյալներին և սկսում են կլանչել, որ չվախենան, առաջինը մայրս է սթափվում թմրությունից և շշնջում.

-Հեյ երեխաներ, սուրբ Սարգիսը հասավ մեզ օգնության,- ու փարվում է Ազրայիլի վզին, համբուրում իրեն լիզող շան աչքերը:

Ինչպես ասացի, մայրս և երկու եղբայրներս, որպես վարժ փոթորկախույզներ, դիմացել էին ահավոր տագնապին և շների տեղ հասնելուց հետո աշխատել էին ուշքի բերել մնացածներին: Շներն իրենց շնչով և լեզուներով, մայրս և եղբայրներս իրենց սառած մատներով աշխատել էին կիսասառածներին շունչ և կենդանություն տալ, մինչև որ հասել էին ազատարարները:

Աղետյալներից ութին ծածկեցինք գոմաղբով՝ ընդարմանալու, շներին տվինք բոված ալյուրով և յուղով պատրաստված տաք մալեզ և ճմուռ: Մնացյալն արդեն հայտնի է բոլորիդ:

Օրվա հրաշագործության պատվին զոհաբերվեց տասնմեկ մատաղ՝ ամեն մի ազատվածի դիմաց մի զոհ: Երեք լավագույն խոյ էլ զոհաբերվեց ի պատիվ ազատարար շների պաշտպան սրբի2»:

Գրականություն

1. Է. Սարգսյան, Անդունդների կանչը, Երևան, 1986, էջ 28-38:

2. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1968, էջ 171:

3. Հայ ազգագրություն և բանահյուսություն, հտ. 5, 1973, Գևորգ Հալաջյան, Դերսիմի հայերի ազգագրությունը, էջ 283-285: