ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄՓՌՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԻՆԸ

(հայկական «Զանգի-Զանգի» հեքիաթի վերլուծությունը)

«Զանգի-Զրանգի» հեքիաթը պատկանում է այսպես կոչված «հրաշապատում» հեքիաթների խմբին:

Հրաշապատում հեքիաթները առնչվում են առասպելներին, սակայն ի տարբերություն առասպելների, «խոսում» են այլաբանության լեզվով: Երկինքը հեքիաթում «հեռու երկիր» է, «աշխարհի ծայր», «լեռան գագաթ» կամ «ծառի կատար»:Արևը «ոսկի» է, կամ՝ «դեղին գույն», աստվածները՝ «մարդ»1: Եվ այսպես շարունակ: Խորհրդանիշների իմաստը իմանալով, դժվար չէ «հրաշապատում» հեքիաթի շերտի տակ նկատել առասպելը:

Հեքիաթը առասպել է, միայն շատ հին և ձևափոխված: Քրիստոնեական դաժան դարերում անգամ ժողովուրդները չեն մոռացել նախաքրիստոնեական գեղեցիկ առասպելները աստվածների և բնության աստվածացված ձևերի մասին: Քողարկվել են միայն աստվածների անունները. հեքիաթներում գործում են չգիտես որտեղից հայտնված անհայտ հերոսներ և նկարագրվում իրադարձություններ, որոնց իմաստը միշտ չէ, որ հասկանալի է: Սակայն բավական է թափ տալ ժամանակի փոշին հեքիաթի վրայից և տակից կփայլատակի շողշողուն և կենդանի հինավուրց առասպելը:

«Զանգի-Զրանգի» հեքիաթը լուսնային հինավուրց առասպել է Լուսին աստծո և նրա կատարած գործերի մասին:

Կա մի աբխազական առասպել Լուսին աստծո, նրա կնոջ՝ Արև աստվածուհու և Լուսնի մարդակերտ քրոջ մասին: Հայկական հեքիաթի և աբխազական առասպելի համեմատությունը կասկածի տեղ չի թողնում, որ Թաթուխը Լուսինն է, իսկ Զանգի-Զրանգին՝ Լուսնին ուղեկցող պահապան շները:

Արևը հեքիաթում հանդես է գալիս իբրև «դեղին գույն»՝ ծիրանի պտուղ և ծիրանի ծառ: Հայկական առասպելական մտածողության մեջ արևը հաճախ է պատկերվում իբրև ծառ: Ներկա է նաև Արևի անբաժան ուղեկից Աքաղաղը:

Աբխազական հեքիաթի համառոտ բովանդակությանը հետևյալն էր.

«Յոթ հսկա աբխազ եղբայրները քույր չունեին և այդ պատճառով շատ էին տրտմում: Վերջապես նրանք քույր ունեցան, բայց այդ պահից սկսած նրանց հարստությունը սկսեց նվազել: Ամեն գիշեր մի ինչ-որ անտեսանելի ուժ, աննկատ կերպով, հափշտակում էր նրանց հոտը: Փոքր եղբայր Ամզան, որը գուշակության բնածին շնորհք ուներ. եղբայրներին ասաց. «Քրոջ կերպարանքով մեր տանը հրեշ է հայտնվել, եկեք սպանենք նրան, թե չէ ոչ միայն մեր օրերն են հաշված, այլև մեր ամբողջ գավառի ժողովրդի»:

Եղբայրները չլսեցին: Այդ ժամանակ Ամզան թողեց հայրենի օջախը և գնաց հեռավոր երկրներ: Այնտեղ նա դարձավ Լուսին-աստված և ամուսնացավ գեղեցկուհի արեգակ Ամրայի հետ:

Մի քանի տարի հետո Լուսինը կարոտեց եղբայրներին և գնաց նրանց տեսնելու: Գնաց և ին՞չ տեսավ, ոչ միայն եղբայրներին էին կերել, այլև բնաջնջվել էր գավառի ողջ բնակչությանը, բոլոր կենդանիներն ու թռչունները: Ամբողջ գավառում մնացել էին միայն մարդակեր քույրը և մի մուկ: Քույրը մի ակնթարթում կուլ տվեց եղբոր ձին և գնաց, որ ատամները սրի ու գա եղբորը ուտի: Մուկը պատի ճեղքից դուրս եկավ և տղային խորհուրդ տվեց անհապաղ փախչել: Լուսինը մկան խորհուրդով նետվեց փախչելու և իր դժբախտության մասին լուր տվեց կնոջը՝ Արեգակին: Արեգակը շտապեց օգնության.

Քույրը հասավ եղբորը և սկսեց ուտել նրան: Այդ ժամանակ վրա հասավ նաև կինը՝ Ամրան: Արեգակը Լուսնին դեպի իրեն էր ձգում, մարդակեր քույրը՝ դեպի իրեն;

Արեգակի և մարդակեր քրոջ պայքարը տեսնելով՝ գլխավոր աստված Անցվան սահմանեց հետևյալ կերպ՝ առաջին տասնհինգ օրը Լուսինը տվեց կնոջը՝ Արեգակին, իսկ երկրորդ տասնհինգ օրը՝ մարդակեր քրոջը: Այդ ժամանակվանից սկսվեց հերթափոխությունը. լիալուսնից հետո մարդակեր քույրը սկսում է ուտել եղբորը և Լուսինն աստիճանաբար փոքրանում է: Կյանքի վերջում դժբախտ ամուսնուն օգնության է հասնում կինը: Արեգակի փաղաքշանքները կյանքի են կոչում Լուսնին , վրա է հասնում Լուսնի լիակատար փթթումը , հետո դարձյալ հայտնվում է քույրը ու ամեն ինչ կրկնվում է նորից»:

Պարզելով հետո «Զանգի-Զրանգիի» մեջ «գաղտնագրված» լուսնային առասպելը, դժվար չէ կռահել մի հնադարյան նկարի բովանդակություն: Նկարը նկարված է կավե ոչ մեծ տուփի վրա և հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության Լոռվա նահանգում, Լոռի բերդի վաղ երկաթե դարի դամբարաններից մեկում3: Այն երեք հազար տարեկան է:

Տուփը հախճապակուց է, պատրաստված կաթնա-ճերմակ նուրբ կավից: Այն ունի ուղղանկյուն տեսք, սրածայր ոտքեր և երկու փոքրիկ բռնակներ՝ կլոր, ուղղահայաց անցքերով: Անոթի չափսերն են 6x5 սմ, բարձրությունը՝ ոտքերի հետ միասին՝ 8,3սմ: Տուփի չորս կողմերի վրա նկարված են հայկական գամփռներ և երկրաչափական պատկերներ (տես նկարը) :

Երկու երկար հարթությունների վրա, բռնակների երկու կողմերում շները պատկերված են մեջք-մեջքի դարձրած, իսկ նեղ պատերի վրա՝ հորիզոնական դիրքով: Շներն ակնհայտորեն տարբերվում են իրենց գույներով: Ըստ երևույթին մեկը սև է եղել, մյուսը՝ սպիտակ: Տուփը թվագրվում է մ.թ.ա. 11-ից 8-րդ դարերով:

Տուփի վրա պատկերված նկարների իմաստը հասկանալուն օգնում են տուփի վրայի երկրաչափական պատկերները և նրանց համեմատությունը վաղ հայկական նշանագրերի հետ3:

Լուսնի մահիկ հիշեցնող պատկերը հայկական պատկերագրերում ընթերցվում են իբրև «լուսին»: Երկու գամփռների միջև եղած սլաքաձև նշանը խորհրդանշում է «արեգակը», իսկ բրգաձև նշանները՝ «լեռ» և «լեռնաշղթա»:

Այսպիսով՝ Լոռի Բերդի վաղ երկաթե դարի կավե տուփի վրա պատկերված են գամփռներ, արև, լուսին և լեռներ: Սակայն, ինչպես երևում է հայկական «Զանգի-Զրանգի» հեքիաթի և աբխազական առասպելի համեմատությունից «շներ», «արև», «լուսին» կոմպոզիցիան իրենից ներկայացնում է լուսնային առասպել: Հետևաբար տուփի վրա պատկերված շները ոչ թե պարզապես գամփռներ են, այլ լուսնին ուղեկցող պահապան շներ:

Գրականություն

1.Թ.կՐՏտտ, ԼրՑՏՐՌփպրՍՌպ ՍՏՐվՌ ՉՏսՖՔպովՏռ րՍՈջՍՌ

ծ. ԺՋՈվՈՔՌՈ, հՑՈՑՖՌ տՏ ֆՑվՏչՐՈՒՌՌ ԸուՈջՌՌ, ԸոփՏրՌջՊՈՑ, հցւցՎՌ,1960, րՑՐ.29

2.հ. ԺպՉպՊՋÿվ, խՏՐՌ-ըպՐՊ, ԼջՊՏՑպսՖրՑՉՏ Ըծ ԸՐՎÿվրՍՏռ հհՀ, ժՐպՉՈվ, 1981, րՑՐ. 53-54

3. Հ. Մարտիրոսյան, Գիտությունը սկսվում է նախնադարում, Երևան, 1971: