ԶԱՆԳԻ ԶՐԱՆԳԻ

հայկական ժողովրդական հեքիաթ


ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ



Մարդ ու կնիկ մի տղա ու մի աղջիկ են ունենում. տղան հասած է լինում արդեն, իսկ աղջիկը դեռ բարուրումն է լինում: Այս աղջիկը դեռ հազիվ հինգ ամսական եղած, սրանց տանը տարօրինակ բաներ են պատահում: Երբ ոչ ոք չի լինում տանը, բացի ծծկեր աղջկանից, գալիս տեսնում են, որ շատ ուտելու բաներ կան պակասած: Բադիով կաթն է լինում դրած, տեսնում են դատարկված. մածուն է լինում, և նույնպես, տաշտումն է՛լ հաց չի լինում, բղուղներումը՝ յուղ. այսպես և ուրիշ շատ բաներ: Կարծում են, որ գող պիտի մտած լինի տուն, բայց տղան ուրիշ բան է մտածում և ոչ ոքի բան չի ասում:

Մեկ անգամ, երբ ոչ ոք չի լինում տանը, տղան թաք է կենում մի մութ քնջում և տեսնում է որ ի՞նչ.և ահա՛ իր ծծկեր քույրը վեր կացավ, թողած բաժինը կուլ տվավ, ընկավ տաշտի վրա, տեսավ հաց չկա, այլ միայն խմոր է հունցած. ընկավ խմորի վրա և տաշտը մաքուր սրբեց. հետո ընկավ դեսուդեն, շատ հոտոտեց, տեսավ՝ էլ բան չկա, սուս ու փուս գնաց իր տեղը պառկեց, ինչպես մի անմեղ երեխա:

Մայրը դուրս էր գնացել թոնիրը վառելու. երբ որ եկավ որ խմոր գնդե, տեսավ՝ խմոր չկա: Տղան դուրս եկավ մի անկյունից, մորը դուրս կանչեց և պատմեց նրան, ինչ որ տեսել էր աչքովը:

Տղան ասաց.և Ուրեմն դո՛ւք գիտեք, այդ դուք, այդ ձեր աղջիկը. ինչ կուզեք՝ արեք. ես այս տանը չեմ կարող մնալ. դա որ մի քիչ էլ մեծանա, մեզ ամենքիս էլ կուտի. դա դև է, դա վիշապ է և ոչ թե աղջիկ:

Այս ասաց տղան ու հեռացավ իրանց տանից: Քիչ որ հեռացավ իրանց տանից, ճանապարհին նստեց: Քաղցած էր, ուտելու հաց չուներ, մի քանի հատ չորցրած ծիրան ուներ ջեբումը, հանեց կերավ և կորիզները թաղեց այնտեղ: Այդ կորիզներից հետո երեք ծիրանի ծառեր դուրս եկան:
 

   

Տղայի անունը Թաթուխ էր: Թաթուխը գնաց ընկավ չոլեչոլ, որ դուրս գա մի ուրիշ աշխարհ, բայց ոչ քաղաք գտավ, ոչ գյուղ. տեսավ՝ մի հովտի մեջ ոչխարներ են արածում, գնաց դեպի այն կողմը: Գնաց տեսավ, որ ոչխարների մոտ հովիվ չկա: Երեկոյան դեմ, երբ ոչխարի հոտը թեքվեց դեպի իր փարախը, Թաթուխն էլ նրանց հետ գնաց: Երբ որ հոտը փարախ հասավ, մեկ մարդ ու կնիկ դուրս եկան մի քարայրից, երկուսն էլ կույր, կթեցին իրանց ոչխարները շոշափելով, իրանց ուտելու բաժինը վերցրին մի ջոկ ամանում, տարան հաց բրդեցին մեջը և սկսեցին ուտել: Թաթուխը կամաց մոտեցավ բրդած ամանին և մի կողմից էլ ինքը սկսեց ուտել: Կույրերը չիմացան, որ մի նոր հացընկեր ունեին, և թեև չկշտացան այս անգամ, բայց ձայն չհանեցին: Այս բանը կրկնվեց մի քանի անգամ: Մեկ օր էլ մարդն ասաց կնկանը.

և Ա՛յ կնիկ, այս քանի օր է, ես քաղցած եմ մնում, կաթն ամեն օրվա չափ է լինում, բայց ես չեմ կշտանում:

Կնիկն էլ ասաց.

և Ա՛յ մարդ, ես կարծում էի, թե դու սովորականից շատ ես ուտում, էնդուր եմ ես քաղցած մնում. ուրեմն մենք երկուսս էլ քաղցած ենք մնում. չլինի՞ թե մի ուրիշ մարդ մասնակից է լինում մեր սեղանին:

և Շատ հավական է, որ այդպես լինի: Ես մի ուրիշ բան էլ եմ նկատել: Մինչև հիմա ոչխարները մենք էինք տուն քշում, բայց հիմա իրանք իրանց են ներս գնում. երևի մի քշող կա նրանց: Գիտե՞ս ինչ. հաց ուտելիս, որ ես կհազամ, դու իսկույն ձեռքդ մեկնիր, ես էլ մյուս կողմից կպարզեմ, և այպիսով, եթե մեր կողքին մարդ լինի կգրկենք նրան:

Երեկոյան հաց ուտելիս մարդ ու կնիկ մեր Թաթուխին իրանց ճանկը գցեցին:

Ո՞վ ես դու,և ասացին,և ինչո՞ւ ես քեզ թաքցնում մեզանից:

Թաթուխն ասաց.և Ես մի օտարական մարդ եմ, եկել ձեր օջախն եմ ընկել, դուք եղեք ինձ հայր ու մայր, ես կլինիմ ձեզ որդի, հովվություն կանեմ և ձեզ կպահպանեմ:

և Շատ լավ,և ասացին,և ուրեմն քեզ հենց աստված է ուղարկել մեզ համար. մենք զավակ չունինք, դու եղիր մեզ որդի:

Մյուս օրը հայրը Թաթուխին պատվեր տվավ և ասաց.

և Լսիր, որդի. երբ ոչխարը կտանես արածացնելու, ոչ ձախ կողմի սարը կտանես և ոչ աջ, այլ ուղիղ մեր դեմուդեմի սարը կտանես:

և Շատ լավ. և ասաց Թաթուխը, բայց հոր պատվերը չկատարեց: Երկրորդ օրը հոտը քշեց ձախակողմյան սարը և հանիպեցավ այնտեղ մի դիվական հարսանիքի: Հավաքվել էին բոլոր քաջքերը և զուռնով ու դհոլով հարսանիք էին անում: Սրանք, որ տեսան Թաթուխին գնացին բռնեցին, քաշ տվին տարան իրանց խնջույքը: Ասացի . և Տեսնում ես հարսանիք է, մենք ամենքս զբաղված ենք, պետք է մեզ համար փայտ կոտրես:

Թաթուխը հոժարեցավ և կացինը ձեռքն առած՝ սկսեց ճեղքել մի ահագին գերան: Հենց որ գերանի ճեղքը բաց արավ մի քանի սեպով, կանչեց բոլոր քաջքերին, թե՝ եկեք, եկեք, շուտ արեք, ձեզ մի նոր օյին ցույց տամ, որ ձեր հարսանիքի խնդությունը ավելի կատարյալ լինի: Հավաքվեցան բոլոր քաջքերը, նույնիսկ փեսացուն ու հարսնացուն էլ: և Աբա՜, ինչ օյին պիտի ցույց տաս:

Թաթուխն ասաց. և Ձեռքներդ դրեք այս ճեղքումը, ես հետո ցույց կտամ:

Ամենքն էլ շտապելով ձեռքները դրին գերանի ճեղքումը, որ շուտով տեսնեն օյինը:

Թաթուխն իսկույն սեպերն հանեց, և բոլոր քաջքերը միաբերան սկսեցին աղիողորմ ոռնալ:

և Վա՜յ, վա՜յ, կոտորվեցինք, այս ի՞նչ արավ այս մարդը. մի՞թե այսպես օյին կլինի:

Թաթուխն ասաց. և Այդ դեռ առաջաբանն է, օյինը հետո պետք է լինի: և Ասացեք, դու՞ք եք հանել իմ հորն ու մոր աչքերը և որտե՞ղ եք պահել... Մինչև նրանց աչքերը չտաք, ձեզ փրկություն չկա:

և Այո՛, այո՛, վա՜յ, վա՜յ, և ասաց մեկը, որի սիրտը ամենից շատ էր կսկծում ցավից... և Ահա այնտեղ է, այնտեղ, այն թփի տակին, գնա՛ վերցրու և ազատիր մեզ:

Թաթուխը գնաց վերցրեց աչքերը և եկավ հարցրեց.

և Աչքերը գտա, բայց ինչպես պետք է սաղացնեմ:

և Աչքերը կդնես իրանց տեղը և մեր նորահարսի աղլուխովը կշփես, իսկույն կառողջանա:

Թաթուխը գնաց վերցրեց նորահարսի աղլուխը:

և Դե հիմա ազատիր մեզ, և աղաղակեցին ամենքը:

և Կազատեի, բայց ո՞վ է երաշխավոր, որ դուք ձեր վրեժը չեք լուծիլ և մեծ պատառս ականջս չեք թողնիլ: Չէ՛, այդ հույսը մի՛ ունենք ինձանից, ձեզ փրկություն չկա, լացեք ձեր սև օրը:

Դևերի հարսանիքը սուքի փոխվեցավ: Աղաչանք, պաղատանք չազդեցին նրա վրա, ու ի՜նչ խելք կլիներ, եթե փրկեր: Կացինը ձեռքն առավ մեր Թաթուխը և մեծից մինչև փոքրի գլուխները ջախջախեց, և այն սարը սրբեց դարանագործ դևերից:

Երեկոյին, երբ որ տուն դարձավ, կույրերի աչքերը դրավ իրանց տեղը, շփեց քաջքուհու աղշուխովը, և նրանք իսկույն առողջացան: Փաթաթվեցին Թաթուխին և փոխ առ փոխ համբուրելով, չգիտեին՝ ինչպես հայտնեն իրենց շնորհակալությունը և սրտների ուրախության անսահմանությունը:

Այս դեպքից սիրտ առած, մյուս օրը Թաթուխն իր հոտը քշեց դեպի աջակողմյան սարը: Հենց որ սարի գագաթը հասավ, մի ահագին մռնչյուն լսեց. նույնը լսեցին և ոչխարները և դողդողալով սկսեցին ետետ քաշվիլ: Թաթուխը չկտրեց նրանց առաջը, բայց ուզեց ինքն աչքովը տեսնել, թե ինչ գազան էր այդ մռնչողը:

Գնաց ձայնի ուղղությամբ, մինչև հասավ մի քարայրի, որի դռանը նստած մռնչում էր իրան անծանոթ մի գազան: Եթե ասեր՝ առյուծ է, առյուծ չէր. եթե ասեր՝ վագր է, վագր չեր, եթե ասեր՝ վարազ է, վարազ չէր, բայց ինչ որ էր՝ մի սարսափելի գազան էր և իր կազմվածքովը ավելի շան նմանություն ուներ, միայն շանից տասնապատիկ մեծ:

Մինչդեռ Թաթուխը, մի քարի տակ թաք կացած, գազանին էր մտիկ տալիս, գազանն արդեն վաղուց էր նկատել նրան:

և Է՜յ մարդ, և կանչեց գազանը մարդկային լեզվով, և ես ծնունդի վրա եմ, կարող չեմ տեղիցս շարժվել, եկ ինձ ծնեցրու, մի՛ վախենար, քեզ մի վնաս չի լինիլ:

Երբ որ գազանը մարդու լեզվով խոսեց, Թաթուխը սիրտ առավ, ասելով մտքումը. «Մարդու լեզվով խոսողը մարդու խճմտանք էլ կունենա, գնամ ազատեմ»: Թաթուխը երբ որ մոտեցավ գազանին, գազանն ասաց. և Եթե ջուխտ ծնեմ, քեզ ուտելու եմ, իսկ եթե կենտ, կյանքդ քեզ կընծայեմ:

և Դո՛ւ գիտես, և ասաց Թաթուխը, և յա՛ բախտ, ինչ կլինի, կլինի:

Գազանի ցնկնած առաջին կորյունը Թաթուխը ձգեց իր հովվական պարկի մեջ, երկրորդը նմանապես, երրորդից հետո տեսավ, որ էլ չկա, այն դրավ գազանի առաջին և ասաց.

և Ահա այս մեկն ես ցնկել, և կարժե՞ր միթե սրա համար այդչափ մռնչալ:

Գազանն ամաչեց իր գազանությունից. և Գնա, և ասաց, և կյանքդ քեզ եմ նվիրել, և եթե քո հոտն այս կողմը բերես, կարող ես ապահով լինել իմ կողմից, քեզ մի վնաս չի լինիլ:

Թաթուխը տուն տարավ նորածին լակոտները, որոնց աչքերը դեռ խփած էին, ու նրանց կերակրեց ոչխարի կաթով: Այդ լակոտները մեծացան ու դառան իբրև ամենահավատարիմ շներ իր համար:

Թաթուխը նրանց մեկի անունը դրավ Զանգի, մյուսինը՝ Զրանգի: Երբ որ մի տեղ էր գնում, տանում էր հետը, իսկ տանը եղած ժամանակ, նրանց պահում էր շղթայակապ:

Սրա վրա անցավ տասը տարի կամ մի քիչ ավելի կամ պակաս, այդ աստված գիտե. Թաթուխն ուզեց գնալ դեպի իր ծննդարանը, որ տեսնե՝ ի՞նչ վիճակի մեջ են այժմ իր ծնողները: Իր այս միտքը հայտնեց իր նոր հորն ու մորը, նրանք էլ կամք տվին այն հուսով, որ շուտով կվերադառնա: Թաթուխը մի աման կաթով լցրեց, դրեց թարեքին և իր հորն ու մորը ասաց. և Նայեցեք այս կաթին. երբ որ տեսնեք՝ գույնը փոխել է, կարմրել է կամ սևացել, իմացեք, որ ես մի նեղության մեջ եմ, իսկույն կարձակեք իմ Զանգին և Զրանգին, նրանք ինձ օգնության հասնեն:

Թաթուխը գնաց և հասավ երեք ծիրանի ծառերին, որոնք արդեն շատ բարձրացել և ահագին կոկ ծառեր էին դառել: Իջավ այդտեղ, փոքր ինչ հանգստացավ և հետո գնաց իր ծննդարանը:

Ի՞նչ ծննդարան... էլ ոչ մի շունչ չկար կենդանի. ամբողջ գյուղը մնացել էր կանգուն, բայց մեջը բնակիչ չկար: Ձին քշեց ուղղակի դեպի իրանց տուն և իջավ դռանը: Մտավ ներս, և, ո՜վ հրաշք, տեսավ իր քույրը նստած իրանց օջախի առջև, և ուրիշ ոչ ոք: Քույրը վեր կացավ, փաթաթվեց եղբոր շլնքին ու ասաց.

և Դու բարով ես եկել, հազա՜ր բարով, իմ եղբայր, իմ աչքի լույս, ու՞ր էիր, ինչու՞ ուշացար այսքան: Այս ասավ քույրը և շտապով դուրս եկավ դուռը:

Տեսավ ձին կապած, խուրջինը վրա: Խուրջինն ամբողջ կուլ տվավ և ներս գնաց ու եղբորն հարցրեց.

և Եղբայր ջան, քեզ մատաղ, առանց խուրջինի ես եկել:

և Այո՛, և պատասխանեց Թաթուխը և իսկույն հասկացավ, որ խուրջինը կուլ է տվել:

Քույրը մեկ էլ դուրս եկավ ու ձիու մեկ ոտը կերավ ու ներս գալով հարցրեց.

և Եղբայր ջան, քեզ մատաղ, ձիդ երե՞ք ոտով ես բերել:

և Այո, և պատասխանեց Թաթուխը:

Քույրը դուրս գնաց և ձիու երկրորդ ոտն էլ կերավ և ներս գալով հարցրեց.

և Եղբայր ջան, քույրդ քեզ մատաղ, ձիդ երկու՞ ոտով ես բերել...

և Այո՛, և պատասխանեց Թաթուխը

Քույրը շտապով դուրս գնաց և երրորդ ոտը կերավ, էլի ներս գալով հարցրեց.

և Եղբայր ջան, ձիդ մի՞ ոտով ես բերել:

Այո՛, և ասաց Թաթուխը, որի սիրտը արդեն սկսել էր դողդողալ: «Ձին ուտելուց հետո պիտի ինձ էլ ուտի. ի՞նչ պիտի անեմ, ես ինչպե՞ս պիտի ազատվեմ», մտածում էր նա:

Քույրը դուրս գնաց չորրորդ ոտքն էլ կերավ, էլի ներս եկավ և հարցրեց.

և Եղբայր ջան, ոտքո՞վ ես եկել:

Այո, քույրիկ ջան, ոտքով եմ եկել, ոտքով էլ պիտի գնամ, բայց չեմ իմանում, պիտի թողնե՞ս, թե՞ ոչ:

և Վույ. քոռանամ ես. եղբայր ջան, ինչպես կթողնեմ, ահա քանի տարի է աչքս քո ճանապարհին է, թե երբ պիտի եղբայրս գա, որ սրտիս մեջ տեղ տամ նրան: Ով գիտե քաղցած ես, սպասիր, ես գնամ քեզ համար հաց բերեմ:

Քույրը դուրս գնաց թե չէ, տան անկյունից մի աքաղաղ դուս եկավ և ասաց Թաթուխին.

Ա՛յ տղա, քույրդ գնաց ատամները սրելու, որ գա քեզ ուտի. Ճար ունես, տես:

և Ի՞նչ ճար անեմ, չգիտեմ, և ասաց տղան:

Աքաղաղն ասաց. և Մուշտակդ հանիր, մեջը մոխրով լցրու, հերթիցը կախ արա, ինքդ դուրս եկ փախիր: Նա կգա՝ կընկնի մուշտակիդ վրա, աչքերը մոխրով կլցվեն. մինչև նա աչքերը կմաքրե, դու բավականին տեղ գնացած կլինես:

Ինչպես ասավ աքաղաղը, տղան էլ այնպես արավ ու փախավ:

Թաթուխը բավական հեռացել էր. ետ մտիկ տվավ, տեսավ քույրն արդեն հասվեհաս է, ինքն էլ ջանք արավ, հասավ ծիրանի ծառերին և մագլցեց մեկի վրա:

Քույրը հասավ, փորձեց ինքն էլ բարձրանալ ծառի վրա, չկարողացավ. սկսեց ատամներով կրծել ծառի բունը և այնքան կրծեց, որ բոլորովին կտրեց: Կտրած ծառն ընկավ երկրորդ ծառի վրա, տղան էլ նույն ծառի ծայրին նստեց: Աղջիկն սկսեց կրծել երկրորդ ծառը: Սա էլ կոտրվեց, ընկավ երրորդ ծառի վրա: Աղջիկը սկսեց կրծել երրորդ ծառը:

Այս միջոցին Թաթուխի հայրագիրն ու մայրագիրը նայեցին նշած դրած կաթին, տեսան որ կարմրել է, իսկույն արձակեցին Զանգի Զրանգին: Մտերիմ գազանները իսկույն գտան իրանց տիրոջ հետքը, տեսան թե ո՞ր կողմն է գնացել և ի՞նչ ճամփով հսկայական ոստյուններ անելով մի ակնթարթում հասան իրանց տիրոջը: Վերջին ծառն արդեն ընկնելու վրա էր, երբ որ նրանք հասան: Թաթուխը նրանց տեսավ թե չէ՝ կանչեց վերևից.

և Զանգի Զրանգի, հենց հուփ տվեք, հենց կուլ տվեք, որ մի պուտ արյուն կաթի:

Նրանք էլ այնպես հախռեցին աղջկանը և այնպես կուլ տվին, որ մի պուտ արյուն կաթեց մի տերևի վրա:

Տղան իջավ ծառիցը, Զանգի Զրանգին փաթաթվեցին նրա ոտներին և կաղկանձելով հայտնեցին իրանց ուրախությունը տիրոջ ազատության համար: Թաթուխն էլ նրանց գլուխները շփեց և հայտնեց իր շնորհակալությունը. հետո արյունոտ տերևը վերցրեց, ծալեց, դրավ ծոցումը և ընկան ճամփա:

Շատ գնացին թե քիչ, սրանք հանդիպեցին մի քարավանի:

Քարավանի տերը որ տեսավ Թաթուխի շները, շատ հավանեց և ասաց մտքումը. և Եթե այս առյուծանման շները իմս լինին, էլ հարամուց երկյուղ չեմ ունենալ, հարյուր հարամի (քարվան կտրող ավազակ) էլ որ լինին, սրանք երկուսով ամենի պատասխանն էլ կտան:

Հետո դառնալով Թաթուխին՝ ասաց.

և Այ տղա, եկ այդ շները տուր ինձ. քանի ջորի որ ուզես, իմ քարավանից վերցրու իրանց բեռներով:

և Բոլոր քարավանդ էլ որ տաս, էլի չեմ տա, և ասաց Թաթուխը:

և Ուրեմն դու քո երկու շանով ավելի՞ հարուստ ես, քան թե ես իմ ահագին քարավանով:

և Կարծեմ որ այդպես է, և պատասխանեց Թաթուխը: և Քո ահագին քարավանը քո կյանքը չի փրկիլ, դեռ կարող է քո մահվանդ էլ պատճառ լինել, որովհետև եթե հարամիքը գան, առաջ քեզ կսպանեն, հետո ապրանքդ կտանեն. իսկ իմ կյանքս ապահով է, քանի որ սրանք կան: Ուզենամ՝ այս րոպեիս քո բոլոր քարավանդ ձեռիցդ կխլեմ սրանց օգնությամբ. բայց ես հարամի չեմ, որ այդպես անեմ:

Այսպես խոսելով բավական տեղ գնացին, հետո քարավանի տերն ասաց.

և Որովհետև շներտ ինձ չես տալիս ոչ մի գնով, եկ ես քեզ մեկ հեշտ բան կասեմ. եթե իմանաս, իմ քարավանը քեզ, իսկ եթե ոչ՝ քո շները ինձ:

Թաթուխն ասաց. և Համաձայն եմ ասա՛, տեսնեմ՝ ի՞նչ պիտի ասես:

և Ահա՛, տես իմ այս ձեռիս գավազանը. եթե իմանաս , թե սա ինչի՞ է, իմ քարավանը քեզ, իսկ եթե չիմանաս՝ քո շները ինձ:

և Շատ բարի, և ասաց Թաթուխը և սկսեց իր իմացած բոլոր ծառերի անունները տալ, ասելով և հոնի է, զկռի է, սզնի է, բոխի է, աճարքի է, լորի է, թխկի է... և և այսպես շատ ծառերի անուն տվավ, մինչև որ բոլոր գիտցածը հատավ, բայց ոչ մեկն էլ այն չէր:

և Ուրեմն շներն իմն են, և ասաց քարավանի տերը. և կապիր դրանց և տուր ինձ:

և Սպասիր, դեռ էլի մտածեմ, և ասաց Թաթուխը. և մի ծառի անուն գիտեմ, ահա լեզվիս ծայրին է, բայց ուղիղ միտս չի գալիս, ար ասեմ, հաստատ գիտեմ, որ այն պիտի լինի:

Այս միջոցին ծոցումը մի բան սկսեց ճրրալ ու վերջը որոշ ձայնով ասաց.

և Ճըըը... ճըըը ճա՛պկի, ճըը ճա՛պկի, ճա՛պկի: Այս ասողը ծոցումը դրած արյունի կաթիլն էր:

և Գտա՜, գտա՜, և բացականչեց Թաթուխը և գավազանից բռնելով ասաց՝ ճապկի է:

և Գտար, և ասաց քարավանի տերը. քեզ արժանի է իմ քարավանը:

և Բոլոր քարավանդ ինձ հարկավոր չէ, և ասաց Թաթուխը. և ես մի հովիվ մարդ եմ, վաճառական չեմ. մի բեռը շորեղեն տուր, տանեմ ինձ համար աղջիկ ուզեմ, պսակվեմ, այդ էլ բավական է ինձ:

Քարավանի տերն ընտրեց ընտիր ճոթեղեն և ինչ զարդ ու զարդարանք, որ պետք է հարսի ու փեսայի համար, բարձեց մի ջորու վրա և տվավ Թաթուխին:

Մի քիչ որ հեռացավ Թաթուխը, տեսավ, որ ծոցումը մի բան է պրպտում: Ձեռքը ներս տարավ որ տեսնի՝ ի՞նչ է, և դուրս քաշեց մի ահագին օձ: Արյունի կաթիլը դարձել էր օձ և գլուխն արդեն հանել էր և մեկնել դեպի Թաթուխի բուկը: Թաթուխը դեն շպրտեց այդ օձը, որ ամեն մի վայրկյանում հաստանում և երկարում էր, որ վիշապ դառնա, և ասաց իր շներին.

և Զանգի Զրանգի, հենց հուպ տվեք, հենց կուլ տվեք, որ մի պուտ արյուն չկաթի:

Շներն այսպես էլ արին, և վիշապ աղջկա հետքը կտրեցին: Թաթուխը հասավ տուն ամեն բարիք բարձած ջորուն: Իր համար աղջիկ ուզեց, պսակվեց:

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

Ղ. Աղայան, երկեր, Երևան 1979թ., էջ 530: