Հայկական գամփռի ստանդարտՆերածություն Հայկական գամփռը հայկական բարձրավանդակի բնիկ շնացեղատեսակ է։ Հայկական բարձրավանդակը քաղաքակրթության օրրաներից է։ Անհիշելի ժամանակներից մարդիկ այստեղ ընտելացրել և օգտագործել են բազմաթիվ կենդանիներ՝ շներ և կատուներ, այծեր և ոչխարներ, ձիեր և էշեր, նույնիսկ որսահալած լուսաններ և այլն։ Գամփռն առանձնանում է այս բոլոր կենդանիներից, քանի որ նա մարդուն ուղեկցել է ամենուրեք՝ անասնապահության և հողագործության ժամանակ, որսորդության և կենդանիներ ընտելացնելիս, ստեղծագործելիս, պատերազմելիս և հանգստանալիս։ Հայկական բարձրավանդակն ամբողջովին մասնատված է լեռնաշղթաներով, անդնդախոր ձորերով, լեռնային գետերով, տափաստաններով, ալպիական մարգագետիններով։ Այս համեմատաբար փոքր տարածքում առկա են մոլորակի բոլոր կլիմայական զոնաները։ Ծովի մակարդակի նկատմամբ բարձրության փոփոխության հետ փոխվում է ամբողջ շրջակա միջավայրը՝ բուսական և կենդանական աշխարհը։ Չնայած կլիմայի բազմապիսությանն ու խստաշնչությանը, հայկական բարձրավանդակում մարդն ապրում է ամենուր։ Եվ գամփռը, իրեն հատուկ հավատարմությամբ ու հարմարողունակությամբ, հետևում է իր համառ տերերին ամենուր։ Հայկական գամփռը առանձնահատուկ շնացեղատեսակ է, որը ձևավորվել է հազարամյակների նպատակաուղղված անխոնջ բուծման, յուրահատուկ բնակլիմայական ընտրության, ու արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում։ Գամփռներն աշխատանքային շներ են, հիմնականում օգտագործվել են որպես հովվաշներ, պահապաններ, որսաշներ, պատերազմի շներ, փրկարար շներ, անխոնջ աշխատավորներ, ընտանիքի լիիրավ անդամներ։ Մարդկանց հավատն ու սերը հավատարիմ կենդանիների նկատմամբ եղել է անվերապահ և անսահման։ Հայկական բանահյուսությունում միշտ գովերգվել է Գամփռը առասպելական խիզախության, իմաստության, ուժի, գեղեցկության, ազնվության և անսահման հավատարմության համար։ Մարդիկ այնքան են կապված եղել շներին, որ ունեցել են իրենց շուն աստվածը՝ Արալեզը, որը կարողացել է լիզելով ապաքինել վերքերը և վերակենդանացնել մարդկանց, հիրավի շնական առաքելություն…Հայոց ազգի հինավուրց պատմության և մշակույթի մեջ գամփռն ունի իր վաստակած կարևոր և ուրույն դերը։ Ներկա ստանդարտի նպատակն է տալ ընդհանուր տեղեկություններ հայկական գամփռի պատմության և որակների մասին, օգնել նրանց՝ ովքեր բուծում և ցուցադրում են, ապրում և աշխատում են այս շների կողքին։ Վարքագծի և արտաքին տեսքի նկարագրությունը ընդհանուր ուղեցույց է բուծման և որակավորման համար։ Պատմություն Հայկական գամփռի ստեղծման և զարգացման ամբողջ ընթացքի հարուստ վկաներն են ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնասիրված ժայռապատկերները, որոնք հիմնականում ընդգրկում են Գեղամա և Սյունիքի լեռները։ 3-ից 7 հազարամյա ժայռապատկերներն ուսումնասիրելիս ապշեցնում է պատկերված շների քանակը, թե տեսակների, թե կիրառման բազմապիսիությունը։ Ավելի ուշ շրջանի ժայռապատկերներում՝ մ.թ.ա. I հազարամյակ, արդեն ավելի հաճախ պատկերվում են ժամանակակից գամփռին նման շներ։ Սևանի ավազանում հայտնաբերված դամբարանների պեղումների ժամանակ (մ.թ.ա. I հազարամյակ) գտնվել և ուսումնասիրվել են շան գանգեր, որոնք իրենց ընդհանուր բնութագրերով լրիվ համապատասխան են ժամանակակից գամփռի գանգին։ Լոռի բերդի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակով խեցեղեն, որոնց վրա պատկերված են գամփռանման շներ։ Վայրի ոչխարների առկայությունը Հայկական բարձրավանդակում վկայում է, որ ոչխարաբուծությունը ստեղծվել է այստեղ, և անհրաժեշտություն է առաջացել բուծել, ստեղծել խոշոր պահապան շուն, որը կկարողանա միաժամանակ հովվություն անել և պահպանել ոչխարների հոտը գիշատիչներից։ Բազմաթիվ հետազոտությունները և ապացույցները թույլ են տալիս ենթադրել, որ այս ցեղատեսակը իր ներկա վիճակին է ձևավորվել մ.թ.ա. I հազարամյակում, այսինքն մոտ երեք հազարամյակ առաջ։ Միջնադարի հայկական պատմագրերում կան բազմաթիվ պատմություններ գամփռի օգտագործման, բուծման, արժեքի մասին։ 19-րդ դարից արդեն կան եվրոպական ճանափարհորդների գրառումներ, որոնք մանրամասը նկարագրում են հայկական բարձրավանդակի գամփռներին։ Ժամանակակից մեթոդներով գամփռի բուծման առաջին փորձերը սկսվել են 20-րդ դարի սկզբին խորհրդային շնաբույծների կողմից, որոնք, ընդգրկելով ամբողջ տարածաշրջանի շների տարբեր տիպերին մի խմբի մեջ, մշակեցին ցեղատեսակի զարգացման ընդհանուր ուղղություններ և կոչեցին այն՝ Կովկասյան օվչարկա (հովվաշուն)։ Այդ տարիներին Հայկական Գամփռի մեծ գլխաքանակ արտակրվեց Հայաստանից։ Գամփռի անզուգական առողջությունը, դիմացկունությունը, հզորությունը, պահապանի բնավորությունը անփոխարինելի էին լայնարձակ Խորհրդային Միության տարբեր վայրերում ծառայելու համար։ Անհաջող փորձեր արվեցին ստեղծել նոր՝ խորհրդային շնացեղատեսակներ, գամփռին խաչասերելով սեն-բեռնար, գերմանական հովվաշուն, նյուֆաունդլենդ, դոգ և այլ ցեղատեսակների հետ։ Նմանօրինակ փորձեր այժմ էլ արվում են տարբեր երկրներում։ Ներկայիս Հայաստանի Հանրապետությունում գամփռը օգտագործվում է գյուղատնտեսության՝ հատկապես անասնապահության, մեջ։ Գամփռը թափանցել է նաև այլ ասպարեզներ, պահպանում է տնտեսական և սեփականատիրական տարածքներ թե՛ գյուղերում, և թե՛ քաղաքներում։ Գամփռի բուծմամբ զբաղվում են շնասերների ակումբները, անհատ սիրողները, հովիվները։ Վարքագիծը Գամփռին ամենադիպուկ բնութագրում է իր բնավորությունը,
Չնայած լավ զարգացած պաշտպանական ռեակցիաներին, գամփռն ագրեսիվ չէ։ Այլ երկրներում Հայաստանից արտակրված շները միշտ տարբերվել են իրենց հանգստությամբ և անկախ որոշումներ ընդունելու կարողությամբ։ Գամփռը հպարտ և անկախ շուն է։ Զուսպ է սերը արտահայտելու մեջ։ Համեմատած մյուս շնատեսակների հետ կարող է թվալ չափազանց անկախ։ Խելացի է, դժվար է ենթարկվում ոչ տեղին հրահանգների։ Բնության մեջ, հատկապես բարձր լեռներում, լրիվ փոխակերպվում է։ Շարժումները դառնում են սահուն, արագ, անձայն։ Տիրոջը կարող է հետևել տարածության վրա, մեծ շրջաններ գործելով, ապահովելով տարածքի անվտանգությունը, միաժամանակ երբեք տեսադաշտից չկորցնելով իր պաշտպանության տակ գտնվողներին։ Ունի շատ ուժեղ զարգացած բնազդներ և գեներ, որոնք սովորաբար ճակատագրական պահերին հաղթում են ձեռք բերովի սովորույթներին։ Զգուշավոր է, ընտրում է ամենաապահով ուղիները, խուսափում է վտանգներից և անմիտ հերոսություններից։ Գամփռի հետ պետք է վարվել հարգանքով։ Երբեք չի ստրկանում, անհարկի վերաբերմունքի դեպքում սովորաբար ներփակվում է ինքն իր մեջ և արհամարանքով լցվում։ Դժվար է հետ վաստակել կորցրած վստահությունը։ Թույլերին սովորաբար վերցնում է իր պաշտպանության տակ։ Լավ է վերաբերվում իր պաշտպանության տակ գտնվողներին, հանգիստ է երեխաների հետ, բայց ենթարկվում է միայն ուժեղ և հաստատակամ մարդկանց։ Ընդգծված սեր ունի դեպի ընտանի կենդանիները։ Բնածին հովիվ է։ Անխոնջ աշխատավոր է, իրեն հանգիստ է զգում, երբ ինչ-որ պարտականություն ունի, որով միշտ զբաղված է։ Համեմատաբար քիչ է հաչում, հաչը միշտ ունի որևէ իրական պատճառ։ Հնարավոր չէ գամփռի հաչը խառնել այլ ցեղատեսակի շների հաչի հետ, այն ավելի շատ հիշեցնում է մռնչյուն, որն աներևակայելի տպավորություն է թողնում շրջապատի վրա։ Չնայած իր խոշոր չափերին և անսպառ էներգիային՝ գամփռը հիմանականում աննկատ է, շատ տարածություն չի զբաղեցնում և իր ներկայության մասին հիշեցնում է, երբ իրական պատճառ կա։ Գամփռը թողնում է իմաստուն շան տպավորություն։ Գամփռի հետ շփվելիս մարդիկ սովորաբար հանգստանում են։ Արտաքին տեսքը Ի տարբերություն ժամանակակից այլ շների ցեղատեսակների, գամփռի արտաքին տեսքը՝ ձևը, չափը, գույնը, կարող է միօրինակ չլինել, այլ տարբերվել շրջանից շրջան։ Ներկա ստանդարտի նպատակն է տալ արտաքին տեսքի՝ գամփռին բնորոշ ընդհանուր նկարագիր, հիմնական ուշադրությունը սևեռելով գամփռի անկրկնելի աշխատանքային ընդունակությունների և վարքագծի, բնավորության վրա։ Գամփռները խոշոր չափի շներ են, մկանոտ, ամուր ոսկորներով, հզոր գլխով, կրկնակի բրդով, համաչափ զարգացած մարմնով։ Մարմնի ձևը երկարավուն է։ Չնայած խոշոր չափերին՝ շունը չի թողնում ծանր շան տպավորություն։ Շարժումները թեթև են, համաչափ և սլացիկ։ Գամփռի չափերի մասին իրական տպավորություն է ստեղծվում միայն հանգիստ վիճակում գտնվող շանը մոտիկից ուսումնասիրելիս կամ համեմատելիս ուրիշ կենդանու կամ առարկայի հետ։ Բարձր լեռնային գոտիներում հիմնականում գերակշռում են խոշոր, երկարամազ շները, տափաստանային դաշտերում ավելի թեթև ոսկրային կառուցվածքով կարճամազ գամփռներ։ Առաջին հայացքից գամփռի արտաքին տեսքը կարող է հրապուրիչ չթվալ՝ կոպիտ պարզունակ ձևեր, կոշտ մազով մորթի, հանգիստ ժամանակ ալարկոտ և ոչ գեղանի շարժումներ։ Դա բոլոր բնական ցեղատեսակների առանձնահատկությունն է, ամեն ինչ հարմարված է կենսունակությունը բարձր պահելու համար։ Կոշտ մազերը պաշտպանում են ցրտից, շոգից, քարերից, մացառներից, հակառակորդի ատամներից ու այլ արտաքին վտանգներից։ Մորթու տարբեր գունավորումը հնարավորություն է տալիս ձուլվել տարբեր բնապատկերների։ Ավելորդ շարժումների իսպառ բացակայությունը հնարավորություն է տալիս քիչ սնունդ օգտագործելով հսկա մարմինը պահել աշխատունակ։ Գլուխը - Խոշոր, հատու գծերով, լավ լցված, ուճեղ զարգացած, բայց չարտահայտված այտոսկրերով, առանց չորության նշանների, տպավորիչ։ Գանգամասը լայն է, փափուկ անցումով ճակատից դեպի մռութ։ Գամփռին բնորոշ են հզոր ծնոտներ։ Գլխի ընդհանուր երկարության 60%-ը կազմում է գամգամասը, իսկ մռութը՝ 40%-ը։ Ճակատը հարթ է և համարյա զուգահեռ քթի կամրջակին։ Շրթունքները հաստ են, չոր և սեղմ։ Ականջները - Տեղադրված են աչքերի մակարդակից մի քիչ բարձր ։ Աչքերը - Գույնն ավելի մուգ, քան մորթու գույնը։ Համեմատաբար փոքր, նշաձև, խորը դրված, թեթևակի շեղ։ Իմաստուն, տիրական և լուրջ հայացք։ Արդեն մի քանի շաբաթական քոթոթների մոտ ի հայտ է գալիս հասուն շանը բնորոշ լուրջ և խիստ արտահայտությունով աչքեր։ Ատամները - Սպիտակ, ուժեղ, լավ զարգացած, միմյանց նկատմամբ խիտ դասավորված։ Կենտրոնները դասավորված են մի գծի վրա։ Մկրատաձև։ Վիզը - Հզոր, ամուր, մկանոտ, միջին թեքության և երկարության։ Իրանը - Երկարավուն ձևի, ինդեքս՝ 108-110%։ Երկարավունությունը ձևավորվում է կրծքավանդակի հաշվին և ոչ թե գոտկատեղի։ Կուրծքը - Լայն և խորը թեթևակի կլորացված կրծքավանդակով։ Կրծքի ներքևի եզրագիծը պետք է լինի արմունկի հոդի մակարդակից ցած։ Փորը - Շարունակում է կրծքի գիծը, թեթևակի հավաքված։ Մնդավ - Չափավոր նկատելի է մեջքի վրա։ Մեջքը - Լայն, ուղիղ, մկանոտ ու ուժեղ։ Գոտկատեղը - Կարճ և մկանոտ։ Գավակը - Երկար, լայն և ուղիղ։ Պոչը - Բարձր դրված, հանգիստ վիճակում կախվում է ներքև։ Դառնում է կեռաձև կամ շրջանաձև, մեջքից բարձր, երբ քայլում է կամ գրգռված վիճակում է։ Առջևի ոտքերը - Առջևից դիտելիս ոտքերը ուղիղ են և զուգահեռ։ Թիակները երկար, թեք դրված։ Ուսի միացման մոտից թիակի և բազուկի անկյունը 108-110 աստիճան է։ Նախաբազուկները ուղիղ, հզոր, զուգահեռ դրված։ Նախադաստակներն երկար, կողքից նայելիս՝ թեք դրված։ Հետևի ոտքերը - Ազդրերն երկար են, լայն ու մկանոտ։ Վերին և ներքին սրունքները նույն երկարության են, ծնկահոդի մոտ միանում են լավ արտահայտված կորով։ Գարշապարը լավ արտահայտված է։ Նախագարշապարն ամուր է և ուղղահայաց գետնին։ Թաթերը - Կլոր, ամուր, հավաքված, առաձգական և փափուկ բարձիկներով։ Շարժումները - Աշխույժ, ազատ և հավասակշռված։ Առջևի և հետևի վերջույթները շարժվում են զուգահեռ։ Գույնը - Շագանակագույն և պտավոր գունավորումը ցանկալի չէ։ Մորթին - Սովորաբար դեմքի, ականջների ու առջևի ոտքերի մազածածկը կարճ է։ Կրկնակի բուրդ, նախաբուրդը պետք է լինի լավ զարգացած, որպեսզի շանը պաշտպանի տարբեր կլիմայական պայմաններում։ Չափերը - Մնդավի բարձրությունը պետք է առնվազն լինի՝ որձեր՝ 65սմ, էգեր՝ 62սմ։ Քաշը պետք է լինի համապատասխան շան ընդհանուր չափերին, սովորաբար սկսած 45-50կգ-ից, միջինը՝ 60կգ։ Թերություններ
Որակազրկում
Եզրափակում Գամփռն աշխատանքային շուն է և կարող է լինել տարբեր տիպերի՝ կախված բնակլիմայական պայմաններից և կիրառման ձևերից։ Վարքագիծը, առողջությունը և կառուցվածքի համաչափությունը պետք է ունենան առաջնահերթություն և նախընտրելիություն՝ մյուս չափանիշների նկատմամբ։ Գամփռը չունի ժառանգական, գենետիկ հիվանդություններ։ Դժվարությամբ է հիվանդանում, դժվարությամբ էլ բուժվում։ Գամփռը շատ հազվադեպ է ցրտից նեղվում, բնական պայմաններում իրեն զգում է առողջ, սիրում է հողածածկ։ Գամփռից ստացած արտաքին տպավորությունը որոշակիորեն պետք է լինի որպես, հզոր, մարզված, բնական և իմաստուն շուն։ Գամփռին, նույնիսկ հեռվից, անհնար է խառնել ուրիշ կենդանու հետ, արջի, գայլի կամ ոչխարի։ Վերջաբան Հայկական Գամփռը հայ ժողովրդի հպարտության առարկան է, նրա պատմության, մշակույթի և կյանքի անբաժանելի մասը։ Բոլոր ժամանակներում գամփռներն արտակրվել են հայկական լեռնաշխարհից որպես առանձնահատուկ շուն։ Գամփռի արյունը հոսում է շատ ժամանակակից ցեղատեսակների երակներում։ Միշտ չէ, որ գամփռի բնական և աշխատանքային առանձնահատկությունները ամբողջովին պետք են եկել այլ երկրներում։ Մի տեղ այն թվացել է ոչ բավականաչափ մեծ, մի տեղ ընդհակառակը, մի ուրիշ տեղ գույնը չի բավարարել, մի այլ տեղ մազերը և այլն։ Եվ քանի որ բազմադարյա մշակված հատկությունները այնքան էլ պետք չէն ժամանակակից քաղաքներում, գամփռին մարդիկ սկսել են վերաձևել։ Ներկայումս աշխարհում տարածված գամփռանման շներն ու խառնուրդները բավականին տարբերվում են բնական եղանակով բուծած, աշխատանքային անկրկնելի որակներով օժտված Գամփռից։ վերջին փոփոխությունը՝ մայիս 18, 2003 Ստանդարտի մշակմամբ տարբեր ժամանակներում զբաղվել են՝ Անդրեյ Կուրբետ Դավիդյանցը, Գառնիկ Օհանյանը, Արմեն Խեչոյանը, Ավիկ Ասատրյանը, Կարեն Մանվելյանը, Էդվարդ Սարգսյանը, Վիկա Մալոյանը, Նորիկ Չիլինգարյանը, Ն. Աբաջյանը, Նաիրա Ավագյանը, Տիգրան Նազարյանը, Քրիստինե Կարապետյանը և ուրիշ շատ անհատներ։ |